Տոն՝ մթագնած թշվառությամբ

Հիշում եմ ինձ համակած երջանկությունն ու ուրախությունն իմ առաջին Սեպտեմբերի մեկին: Աշխարհն իմն էր, ու ինձ թվում էր, որ դպրոց գնալս ուրախացրել է բոլորին՝ ծնողներիս, բարեկամներիս, հարազատներիս: Յոթնամյա մանուկիս համար Սեպտեմբերի մեկը տոն էր ու գուցե այդ տոնականությունը գալիս էր նրանից, որ ես տակավին պատանի էի ու չէի հասկանում, թե մեծերի համար դժվարություններ էլ կան: Բայց հազիվ թե: Որովհետև ինչքան էլ թույլ չտար հասկանալ պատանեկան գիտակցությունս ակնհայտ էր, որ 80-ականների սկզբին Սեպտեմբերի մեկի տոնականությունը համընդհանուր էր:Տարիներ անց, երբ արդեն ուսանող էի Սեպտեմբերի մեկի տոնականությունն ինձ համար էապես խաթարվեց:

Դպրություն, կրթություն, գիտություն խորհրդանշող այդ օրը նաև թախիծ մտահոգություն էր ծնում, գոնե այն ուսանողների մոտ, ովքեր կարճ ժամկետում ուսման վարձ վճարելու խնդիր ունեին:

90-ականների սկզբին այդ վարձերն այդքան աստղաբաշխական չէին, ինչպես այսօր: Բայց պատերազմի մեջ ներքաշված Հայաստանի տնտեսությունը քայքայվում էր, մարդիկ կորցնում էին աշխատանքն ու եկամուտի աղբյուրը: 

Մի խոսքով Սեպտեմբերի մեկը, աշակերտ կամ ուսանող պահելն արդեն հոգս էր դարռնում ընտանիքների համար: 

Այսօրվա Սեպտեմբերի մեկը գրեթե ամբողջովին կորցրել է տոնականությունը:

Ու իրենց երեխայի դպրոցամուտն, ուրախությունը տոնելու փոխարեն, մարդիկ մտածում են թե որտեղից պարտքեր անեն Սեպտեմբերի մեկի գնումների համար: Ըստ մասնագիտական հաշվարկների մեկ երեխայի համար դպրոցական պայուսակ և հագուստ գնելու նպատակով ծախսվում է 30-150 հազար դրամ: Սեպտեմբերի մեկը մթագնել է թշվառության ուրվականով:

Լուսավոր այս տոնը դարձել է հասարակության սոցիալական բևեռացումը բացահայտող հերթական հարթակ:

Մի քանի տասնյակ ունևոր ընտանիքների ֆոնին երևում է Հայաստանի ողջ հասարակությունն, իր թշվառությամբ, խեղճությամբ, անօգնականությամբ:

Հայաստանում դպրոց հաճախելու տարիքի երեխաներից 8.4 տոկոսը ներկայումս ուսում չի ստանում: 2011-ին դպրոցահասակ երեխաների 99 %-ը հաճախել է տարական դասարաններ:

Տարեց-տարի դպրոց չհաճախող երեխաների թիվն աճում է հասնելով վտամգավոր մի սահմանագծի: Հենց այս տխուր ցուցանիշն է իրականում բացահայտում Հայաստանի տնտեսության ողբերգական գահավիժումը: Հասարակության համատարած  աղքատացումը:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *