Տոն` առանց տոնականության

մօ

Շատերն են հարցնում, թե որն է այսօրվա աշխատանքային չլինելու առիթը: ՄերՍահմանադրությունն ընդունվել է 21 տարի առաջ, սակայն, որպես կոնսոլիդացիոն ինստիտուտ՝ չի ընկալվում հասարակության կողմից: Պատահական չէր՝ հակառակ պաշտոնական տոնացույցի, հուլիսի 5-ը հասարակության կողմից տոնական չի համարվում: Սա է իրականությունը, որի հիմքում խորքային պատճառներ կան:

Հայաստանի Սահամանադրությունը չծնվեց քաղաքական հանրային կոնսեսուսի արդյունքում: Լևոն Տեր Պետրոսյանի իշխանության թերևս լրջագույն սխալներից մեկն էր, որ 1995 թվականի հուլիսի 5-ին սահմանադրական հանրաքվեն մեկտեղվեց խորհրդարանական ընտրությունների հետ: Բովանդակային քննարկումները ստորադասվեցին քաղաքական կոնյուկտուրային, կոնսեսուսի հնարավորությունը՝ քաղաքական անտագոնիզմին: Արդյունքում՝ 95-ի Սահմանադրությունը կորցրեց իր առնվազն քաղաքական լեգիտիմությունը:

2003 թվականի սահմանադրական ձախողված հանրաքվեն, 2005-ի և 2015 թվականի փոփոխությունները Սահմանադրությունը չօժտեցին քաղաքական լեգիտիմությամբ, չփոխեցին հասարակության վերաբերմունքը մայր օրենքի հանդեպ: Հասարակությունը վստահ է, որ ոչ թե երկրի զարգացման հրամայականն է, այլ քաղաքական նպատակահարմարությունն է ստիպում, որ իշխանությունները բարեփոխեն Սահմանադրությունը:

2015 թվականի դեկտերմբերի 6-ի հանրաքվեն ամբողջովին տեղավորվում է 2017-2018 թվականների քաղաքական գործընթացների, իշխանության վերարտադրության ծրագրի համատեքստում:Հանրությունը համարում է, որ Սահմանադրությունն ու օրենքները ծառայում են ոչ թե իրենց, այլ՝ իշխանություններին, մարդկանց մի փոքր խմբի, որն ունի քաղաքական և տնտեսական շահեր:

Իշխանությունները հիշում են սահմանադրության մասին, երբ խոսք է գնում իրենց իրավունքների, ոչ թե` պարտականությունների մասին: Սահմանադրությունը դառնում է իշխանությունների թշնամին, երբ խանգարում է նրանց մասնավոր նպատակների իրականացմանը: Օրինակ, 1998 թվականին ռոբերտ Քոչարյանը հանգիստ խղճով ոտնահարեց Սահմանադրական նորմը, որը նրան արգելում էր առաջադրվել նախագահի թեկնածու:

Մյուս կողմից՝ 95-ի Սահմանադրությունն իր թերություններով հանդերձ, առնվազն երկու անգամ պետությանը զերծ է պահել քաղաքական տևական ճգնաժամի հեռանկարից՝ 1998 թվականի իշխանափոփոխությունից և 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո:

Զուտ ֆորմալ առումով համարվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցածը սահմանադրական փոփոխություններ են: Բովանդակության մեջ արմատապես փոխվել է Սահմանադրության փիլիսոփայությունը, երկրի կառավարման համակարգը: Ըստ էության, գործ ունենք նոր Սահմանադրության ընդունման հետ:

Վերջին հանրաքվեից հետո հուլիսի 5-ն ավելի է կորցրել իր չունեցած տոնականությունը, որովհետև այսօր տոնում ենք ծնունդը մի փաստաթղթի, որը փաստացի գոյություն չունի:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *