Տուգանքից մինչև ազատազրկում. ի՞նչ են պահանջում կենդանասերները

timthumb (1)

«Դինգո  Թիմ» hասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է թափառող  կենդանիների հիմնախնդիրների լուծման  հարցերով, երեկ երեկոյան սկսել է ստորագրահավաք: «Դինգո Թիմը»  պահանջում է, որ ՀՀ խորհրդարանն ընդունի կենդանիների պաշտպանության օրենք: Կենդանիների  նկատմամբ դաժան վերաբերմունքը պետք է քրեապես պատժվի:

Առաջացած խնդիրների և Դինգո թիմի պահանջի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Օվսաննա Հովսեփյանի հետ:

«Խնդիրը միշտ բարձրացրել ենք: Մենք աշնանից ենք պատրաստում օրենքի նախագիծը, բայց այն հիմա ենք ներկայացնում: Նոր իշխանության ընտրությունից հետո որոշեցինք որոշ ժամանակ պասիվ մնալ, մինչև ամեն ինչ հունի մեջ մտնի: Քանի որ կենդանիների սպանությունների դեպքերը չեն նվազում, որոշեցինք այս փուլում ներկայացնել մեր պահանջը:  Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պետք է քրեականորեն պատժվի: Ոչ թե 50.000 դրամ տուգանք լինի, այլ ահռելի գումարներ, և պատիժը հասնի ընդհուպ մինչև ազատազրկման: Օրենքի ընդունումը կնպաստի, որ մարդիկ նման կերպ չվարվեն»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ Հայաստանում թափառող շների դեմ պայքարի լավագույն միջոցը ստերջացումն է: Ըստ «Դինգո Թիմի» հիմնադրի  մնացած բոլոր տարբերակները անօգուտ են կամ կիրառելի  չեն հայաստանյան պայմաններում (օրինակ՝ շներին կացարաններում տեղավորելը): Նա հավելեց նաև, որ տարածաշրջանում Հայաստանը  միակ երկիրն է, որ չունի  կենդանիների պաշտպանության օրենք:

«Ստորագրահավաքը դեռ շարունակվում է: Դրա նպատակն այն է, որ  կենդանասեր մարդկանց պահանջը հասնի կառավարությանը: Եթե ներկայիս իշխանությունները մերժեն մեր պահանջը, ապա բողոքի մեծ ալիք կբարձրանա: Մենք շաբաթը յոթ օր դաժանության դեպքերի ականատես ենք դառնում, այն դեպքում, երբ դրանք պաշտպանության դեպքեր չեն: Դրանք մարդկային սադիզմի  դրսևորումներ են, երբ կրակում են շան չորս ոտքերին ու թողնում, որ էդպես սատկի: Այս սադիզմը հետագայում կարող է մարդկանց դեմ ուղղվել»,-ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *