Ցինիզմ՝ հանրապետական ոճով…

timthumb (2)

ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը հերթական անգամ ի ցույց է դրել իշխող քաղաքական ուժի իրական վերաբերմունքը օր-օրի խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին և թանկացումներին: «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այսկերպ է Հակոբ Հակոբյանը պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե աղքատներն ինչպե՞ս պետք է դիմակայեն թանկացումներին: Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թա՞նկ են, թե՞ էժան: Եթե սա բացահայտ ցինիզմ չէ, ապա ի՞նչ է…
Ի՞նչ է ստացվում: Ապրանքները թանկանում են, բայց մեղավորն իշխանությունները չեն, նրանց վարած ապաշնորհ, տգետ քաղաքականությունը չէ, այլ, երևի Պուտինը, կամ՝ Իսլամական Պետությունը, որ շատ փորփրենք՝ նույնիսկ Սաակաշվիլին: Մեղավոր են նույնիսկ աղքատները, որ փող չունեն: Երկիրը գահավիժում է, ու երևի դա էլ պայմանավորված չէ ներքին քաղաքականությամբ: Եթե մի պետության մեջ Հակոբ Հակոբյանի պես մարդը պատգամավոր լինի, մեր վիճակն էլ այսպիսին պետք է լինի: Որովհետեւ հնարավոր չէ այլ բան, քան ցինիզմ անվանել այն, որ հանրապետականները տարբեր ժամանակներում թանկացումներն արդարացնելու նպատակով պնդում են, թե «քաղաքացիները պետք է համակերպվեն գնաճի հետ, փոխեն հոգեբանությունը», կամ թե «աշխատում ենք, որ թանկացումները լինեն ի օգուտ ժողովրդի», մինչդեռ ակնհայտ է, որ որեւէ թանկացում չի կարող լինել «ի օգուտ ժողովրդի»: Դա նույն բանն է, թե մեկը հայտարարի, որ ինքն այնպես է մորթելու տնային կենդանիներին, որ դա լինի հօգուտ այդ կենդանիների: Եթե արդյունքում խեղճ կենդանին մորթվելու է, ապա ի՞նչ օգուտ նա կարող է ունենալ դրանից:
Այս առանձին օրինակն արտացոլում է հենց ամբողջ երկրում տիրող իրավիճակը: Աղքատության դեմ «պայքարում են» մարդիկ, ովքեր, նախ՝ իրենք վաղուց միլիոնատեր են, երկրորդն էլ՝ հենց իրենց թալանի արդյունքում միլիոնատեր դառնալու հետեւանքով մեծանում է աղքատությունը, աղքատները չեն տուժում գնաճից, որովհետև միևնույն է՝ փող չունեն, կոռուպցիայի դեմ «պայքարում են» կոռուպցիոներները, ժողովրդավարությունից խոսում են ժողովրդավարությունը խեղդողները, եւ այսպես շարունակ: Սա հենց իշխանության ցինիզմի ամենամեծ եւ բացահայտ դրսեւորումն է: Երբ գողը գոռում է «հարա՜յ, օգնեցե՜ք, բռնե՜ք գողին», տրամաբանությունը սկսում է նահանջել, ու Սերժ Սարգսյանի ասած՝ «խիյարը սկսում է թարս բուսնել»:
Հիմա շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է լռում ժողովուրդը: Իսկ ժողովուրդը լռում է մի քանի լուրջ պատճառով: Ամենագլխավոր պատճառն այն է, որ մի ստվար զանգված քաջ հասկանում է, որ ընտրություններին 10 հազարով ծախվելուց հետո բարոյական իրավունք չունի դժգոհել ՀՀԿ-ից եւ նրա ղեկավարությամբ տեղի ունեցող եւ ոչ մի երեւույթից: Ժողովուրդն ամոթից լռում է: Մյուս պատճառն էլ այն է, որ չկա ժողովրդին առաջնորդող ուժ, եւ վերջին հաշվով՝ Հայաստանում չկան արհմիություններ: Այս իրավիճակում դեռ կարելի է գոհ լինել, որ միսը, կարագը, բենզինն այսքան թանկացան, եւ ոչ թե ավելի շատ:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *