Փա՜ռք, փա՜ռք, հազար փառք Արմեն Սարգսյանին

timthumb (8)

Այսօր Ազգային ժողովի նիստում կարծիքների փոխանակման փուլում Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ձոներ հղեցին Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները:

Առաջինն Արմեն Սարգսյանին շտապեց գովերգել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս, դիմելով Արմեն Սագսյանին՝ նշեց․ «Պարո՛ն Սարգսյան, ես, զուտ պատահմամբ՝ երեկ նայել եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ձեր ելույթը և այն մեսիջները, որ կային այնտեղ՝ կարմիր թելի նման այստեղ էին (ձեռքով ցույց է տալիս ԱԺ ամբիոնը, հավանաբար նկատի ունենալով Արմեն Սարգսյանի այսօրվա ելույթի տեքստը, խմբ․): Դա ցեղասպանությունից հետո վերածնվելու և ցեղասպանությունը հաղթելու գաղափարն էր»,-ասաց Շարմազանովը և հավելեց, որ Հանրապետականը չի կաշկանդելու այս թեկնածուին և Արմեն Սարգսյանի համար պատիվ է լինել ՀՀԿ-ի նախընտրած թեկնածու և դա ոչ թե թերություն, այլ առավելություն է։

Շարմազանովը մեջբերեց Արմեն Սարգսյանի ելույթի տեքստից որոշակի դրույթներ՝ դրանց վերաբերյալ Սարգսյանի տեսակետը համարելով իրավացի և կարևոր։

«Լսելով Ձեզ՝ ես այստեղ տեսա պետական գործչի և լավատես գործչի, որը հավատում է ՀՀ-ի, Արցախի Հանրապետության և սփյուռքի եռամիասնությանը, և որ 25 տարի հետո ունենալու ենք ավելի ուժեղ Հայաստան։ Դժվարություններ կան։ Այո՛։ Լինելո՛ւ են։ Այո՛։ Բայց դժվարությունները հնարավորություն են»,-Արմեն Սարգսյանին նվիրված ձոնն ավարտեց Շարմազանովը և հավելեց, որ լավատես գործիչը հոռետեսից տարբերվում է նրանով, որ  լավատեսը դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը՝ հակառակը:

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին դափնիներ տալու հերթը հասավ նաև ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Կորյուն Նահապետյանին․ «Գարնան առաջին օրը համահայկական նոր օրակարգ ձևավորելու նախաշեմին ենք, և այդ իմաստով վստահ եմ, որ Հանրապետության նոր նախագահի թեկնածության քննարկումը մեզ բերելու է մի նոր հանգրվանի։ Անկեղծորեն պիտի ասեմ, որ ոգհեշնչված եմ նախագահի ելույթով։ Ելույթն իսկապես պարունակում էր լայնախոհություն, բարեկրթություն, հասարակական օրգանիզմի շատ ճիշտ ախտորոշում»։

Նահապետյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի ելույթը խարսխված էր արժանապատվության և առաքինության վրա, և ինքը տեսավ, որ այն այն մարդիկ, ովքեր ունեն անգամ փակ հաղորդակցության անոթներ, նման ելույթից չեն կարող մնալ անհաղորդ։

«Ես ողջունում եմ Ձեր եռանդը, նվիրվածությունը, Ձեր էությունը, Ձեր տեսակը։ Ես ուրախ և հպարտ կլինեմ ունենալու մեր երկրի համար Ձեզ նման նախագահ»,-այս պաթետիկ խոսքերով իր ելույթն ավարտեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *