Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանում սկիզբ առած համազգային շարժման ընթացքում մենք արձանագրեցինք երկու հաղթանակ՝ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին աշակերտները ստիպեցին հրաժարական տալ, ինչը վկայեց, որ քաղաքացին սկսել է պայքարել իր իրավունքների համար, իսկ մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշը աննախադեպ աճեց. «Վաշինգտոն փոստից մինչև Եվրանյուզ և այլ հեինակավոր պարբերականներ գրում են Հայաստանի մասին»,-ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով մայիսի 8-ին սպասվող վարչապետի ընտրությանը՝ Գրիգորյանը նկատեց, որ եթե հանրապետականները որոշեն չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա ականատես կլինենք ծայրահեղ բացասական երևույթների: «ՀՀԿ-ն եթե վաղը դեմ քվեարկի՝ կճանաչվի օրենքից դուրս, իսկ եթե այո ասեն՝ շանս ունեն քաղաքական դաշտում մնալու և ԱԺ-ում փոքր ընդդիմություն լինելու»,-ասաց նա:
Խոսելով Նիկոլ Փաշինյան վարչապետի առաջիկա անելիքների մասին՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո անհապաղ պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, հրատապ կարգով պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը և մաքսիմալ կարճ ժամկետներում անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ:
Հարցին՝ արդյոք քաղբանտարկյալների թվում են նաև «Սասնա Ծռերը», Գրիգորյանը նկատեց, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, քանի որ իշխանությունները լուրջ մեղք ունեն նրանում, որ իշխանությունն արդար ընտրություններով չձևավորվեց, մարդիկ դրա համար էլ դուրս եկան փողոց և առանձին մարդիկ էլ ռադիկալ գործողությունների դիմեցին. «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Պարզապես Ժիրայր Սեֆիլյանը շատ հայտնի էր դրա համար նրան են հաճախ մատնանշում: Բայց ապրիլյան պատերազմից հետո կային այլ մարդիկ, որոնք բարձրաձայնեցին տարածքների կորստի մասին, ինչի համար նրանք ևս բանտարկվեցին: Փակագծերը հետո կբացվեն: Իսկ ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանին, ապա եկենք հիշենք, որ նույնիսկ իր հետ ընտրության գնացած ՕՐՕ դաշինքը նրան քաղբանտարկյալ չի համարում»,-ասաց Գրիգորյանը:
Քաղաքագետը նաև հավելեց, որ այս պահին նոր իշխանությունից հասարակության սպասելիքները շատ մեծ են, ինչը գիտակցում է նաև Հանրապետական կուսակցությունը, որի համար կստեղծի բազմաթիվ ռեֆորմներ, ինչին ի պատասխան էլ անհրաժեշտ է հրատապ կարգով անցկացնել նոր ընտրություններ:
Աղավնի Սուքիասյան