Փաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերը

timthumb (18)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, չընդունեց սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը: Եվ պատճառը միայն այն չէ, որ Փաշինյանը այս պահին օբյեկտիվորեն չունի Թանդիլյանին համարժեք փոխարինում: Պատճառը նաև ավելի խորքային է՝ ներթիմային և ներքաղաքական զարգացումների համատեքստում:
Ինչպես երևում է՝ անպաշտոն մնացած և այդ փաստից փոքր ինչ վրդովված «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը չէր հաշտվել այդ իրողության հետ և իր թիմակից Մանե Թանդիլյանին հետ կանչելով, փորձում էր կառվարության ճաք տալու իմիտացիա ստեղծել: Բացի այդ, Մարուքյանը դեռևս չի մարսել այն փաստը, որ կարծես թե գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը ԵԼՔ-ի իր գործընկերների կարիքը չի ունենալու:
Փաշինյանն էլ չէր լինի Փաշինյան, եթե չգիտակցեր Մարուքյանի մանր վատությունների իրական նպատակը: Հենց Մարուքյանի հերոսանալու փորձերը կանխելու նպատակով էլ Փաշինյանը համաձայնության է եկել նախարար Թանդիլյանի հետ՝ պահելով նրան թիմում: Թանդիլյանի սկզբունքայնությունը, իհարկե, չի տուժում, քանի որ հայտարարվել է՝ հարցը դեռևս քննարկման փուլում է: Թե հատկապես ի՞նչն է լինելու քննարկման առարկան, երբ ինքը վարչապետն է հայտարարում, որ գործընթացն այլևս անշրջելի է ՝ դժվար է ասել:
Փաշինյանը Թանդիլյանի հետ համաձայնության գալու ևս մեկ պատճառ ունի: Թանդիլյանը հանդիսանում է այն հատուկենտ հաջողված կադրերից մեկը, որին այս տարիների ընթացքում պատրաստել է ընդդիմադիր դաշտը: Բնական է, որ հեռահար նպատակներով իշխանության եկած Փաշինյանը ցանկանալու է Թանդիլյանին բերել իր ճամբար, հատկապես հաշվի առնելով, որ ԵԼՔ-ում տարաձայնությունները չեն դադարում, մի բան էլ ավելի են խորանում: Այս տեսանկյունից դեռևս արդիական է Փաշինյանի հնչեցրած՝ «կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ եք» արտահայտությունը: Եթե Թանդիլյանը ցանկանում է շարունակել իր գործունեությունը նաև հաջորդ կառավարության կազմում, ապա պետք է ընտրություն կայացնի:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *