Փաշինյանի կաբինետի թույլ օղակը

timthumb (10)

Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամներից մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի անգործությունը և դիլետանտությունը շարունակում է աչք ծակել: Վաղը կլռանա կառավարության գործունեության հարյուր օրը, այս ընթացքում գրեթե բոլոր գերատեսչություններում ակտիվ աշխատանք էր տարվում նախկինների սխալները և թերությունները վերհանելու ուղղությամբ, բացահայտումների արդյունքում հսկայական գումարներ են վերդարձվել պետբյուջե կամ ուղղվել ոլորտի զարգացմանը նպաստող այս կամ այն ծրագրի իրականացմանը: Դատելով Լիլիթ Մակունցի անգործությունից, կարելի է ենթադրել, որ նրա նախորդները բացառիկ անկաշառ գործիչներ էին, բյուջեից անգամ մեկ լումա չեն գրպանել, և դա չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում գրեթե շաբաթ չէր լինում, որ մամուլում չհրապարակվեին Մշակույթի նախարարությունում արձանագրվող չարաշահումներին վերաբերվող ահազանգեր: Ինչպես երևում է՝ Մակունցը դեռևս չի յուրացրել նախարար-մենեջեր լինելու նուրբ արվեստը:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Մակունցը կիսվել էր մշակույթի գործիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում ստացած տպավորություններով և հայտարարել, թե նրանց մեծ մասը դեմ է մշակույթը կոմերցիայի վերածելուն: Թերևս նախարարը մշակույթի գործիչների մտահոգությունները անչափ բառացի է հասկացել, այո՛, նրանք դեմ են օրինակ՝ Օպերայի շենքը ռեստորանի կամ սաունայի վերածելուն, նման երևույթներին դեմ են ոչ միայն մշակույթի գործիչները, այլ սեփական երկիրը սիրող և գնահատող բոլոր քաղաքացիները: Սակայն, դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել և որևէ ջանք չթափել մշակույթը և կոմերցիան գրագետ կերպով համատեղելու վրա, ինչի արդյունքում կշահի միայն ու միայն հայկական մշակույթը: Ընդ որում, մշակույթ-կոմերցիա համադրման տակ բնավ էլ նկատի չունենք մշակույթը ամբողջապես կապիտալիզացնելը ինչպես առաջարկում էր նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Խոսքը մշակույթի ասպարեզում տնտեսական բաղադրիչի բարձրացման անհրաժեշտության և մշակույթի ոլորտում գումար ծախսելու մոտավիացիաներ ստեղծելու մասին է, ինչին դեռևս ականատես չենք լինում:
Ինչևէ, լավ է, որ նախարարն իր անչափ ծանրաբեռնված օրակարգում ժամանակ է գտել մշակույթի գործիչների հետ հանդիպման համար, քանի որ խոսվում է այն մասին, թե նախարարը ոչ միշտ է ժամանակ ունենում իր բուն պարտականություններով զբաղվելու համար՝ մշակույթի շատ գործիչներ ստիպված են լինում ժամերով սպասել ընդունելության, մինչդեռ Մակունցն այդ ընթացքում մի գավաթ սուրճի շուրջ իր մտերիմ ընկերուհիների հետ «խորհրդակցություններ» է անցկացնում: Ամենայն հավանականությամբ, նման խորհրդակցություններից մեկի ժամանակ է ծնվել հայ մշակույթի համար անչափ կարևոր, կարելի է ասել՝ պատմական, շրջադարձային որոշումը. Պատմության թանգարանում Թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ բացելը: Բացի այդ Թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում, ինչ խոսք՝ սերունդների մշակութային դաստիարակության լավագույն տարբերակը հենց դա է: Կարևորը՝ ծախսատար չէ, քանի որ ինչպես երևում է, երբ գործը հասնում է գումար ծախսելուն՝ նախարարը ոտքը կախ է գցում: Արդյունքում՝ ոլորտ ոչ գումար է մտնում, ոչ էլ ծախսվում է: Այս իրավիճակը կարելի է սիմվոլիկ կերպով անվանել «Մակունցյան փակ շղթա»: Իսկ ի՞նչ է պետք անել այդ շղթայից դուրս գալու համար, նախ և առաջ հրաժարվել հանրությանը առ մշակույթ մղելու պաթոսախառն հայտարարություններից, գիտակցելով, որ այդ մշակույթըիրենից պետք է որակ ներկայացնի, որպեսզի ոչ միայն հանրությունը, այլ նաև կոմերցիան ինքնակամ մղվի դեպի այն: Ի՞նչ է արվել այդ նպատակին հասնելու համար՝  ոչինչ: Ինչպես երևում է մշակութային տեսանկյունից հեղափոխությունը հապաղում է…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *