Փաշինյանի կառավարության առաջին լուրջ փորձությունը. նոր զարգացումներ են սպասվում

timthumb (7)

Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Սոցապ նախարարի հրաժարականի պատճառը կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումն էր, ինչի հետ Թանդիլյանը համաձայն չէր: Թեև այստեղ էլ տրամաբանական հարց է առաջանում, արդյո՞ք կուտակայինի բաղադրիչը չէր քննարկվել կառավարության ծրագիրը կազմելիս, չէ՞ որ այն համարվում էր նոր իշխանությունների կարևորագույն և առանցքային ռեֆորմներից մեկը: Ստացվում է՝ կառավարության ծրագիրը գրվել է հապճեպ և առանց կողմերի միջև կոնսենսուսի, հետևաբար, նման տարաձայնությունները կարող են ի հայտ գալ նաև ապագայում՝ ոչ պակաս կարևոր նախագծերի ընդունման ժամանակ:
Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը, թվում է՝ միայն կենսաթոշակային կուտակային համակարգը չէ, որի ներդրմանը Թանդիլյանը սկզբունքորեն դեմ էր: Վերջին շրջանում շատ են խոսակցությունները ԵԼՔ դաշինքում տարաձայնությունների վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը խմբակցության ղեկավարի ու ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին է: Երեկ թե՛ Էդմոն Մարուքյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ քննարկվում է դաշինքի ապագայի հարցը: Փաշինյանը բացահայտ ակնարկեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ: Սա արդեն հայտարարություն էր այն մասին, որ «Լուսավոր Հայաստան»-ը «Հանրապետություն» կուսակցության հետ միասին, խաղից դուրս են մնում:
Փաշինյանը դժվար թե փոխի իր դիրքորոշումը, հետևաբար, Մարուքյանին այլ բան չէր մնում, քան կառավարությունից հետ կանչել Թանդիլյանին և առաջին լուրջ հարվածը հասցնել Փաշինյանի կաբինետին, որում, ի դեպ՝ իր համար տեղ չգտնվեց: Այժմ Էդմոն Մարուքյանը կարող է պնդել, որ իրենք հոգ են տանում ժողովրդի համար, ի տարբերություն Փաշինյանի, ով այդ ժողովրդին թալանում է: Մարուքյանը կարող է նաև ասել, որ իրենք կառչած չեն պաշտոններից: Սա, իհարկե, Փաշինյանի համար վարկանիշային լուրջ կորստի չի հանգեցնի, թեև անգամ թավշյա հեղափոխության կողմնակիցներից շատերի մոտ կոտակայինի ընդունումը, մեղմ ասած, տարակուսանք առաջացրեց: Միակ իրական վտանգը, որը կարող է լինել իրերի նման դասավորվածության պարագայում՝ հետևյալն է. ընտրությունների շեմին եթե Նիկոլ Փաշինյանը որոշի միայնակ թողնել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, նրանք անմիջապես քաղաքական ապաստան կգտնեն «Ծառուկյան» դաշինքում:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *