Փաշինյան-Ալիև՝ առաջին ռաունդ. ի՞նչ է դրվելու բանակցությունների սեղանին

timthumb (12)

Ինչպես հայտնի է՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական նիստի ընթացքում շփման հնարավորություն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Թեև այդ զրույցը եղել է կարճատև և ինչպես ասում են՝ ոտքի վրա, այնուամենայնիվ, Երևան վերադառնալուն պես վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ալիևի հետ ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնք առաջին հերթին վերաբերվում են սահմանային լարվածության թուլացմանը: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասել է Փաշինյանը: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, կրկնել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը:
Իրականում, որևէ մեկի՝ այդ թվում միջնորդ երկրների համար գաղտնիք չէ, թե հատկապես որ կողմն է հանդիսանում սահմանային լարվածության հիմնական կատալիզատորը և սպառողը: Հայկական կողմը, իր հերթին, բավական տևական ժամանակ որևէ քայլ չի ձեռնարկել որպեսզի միջազգային հանրությունը հավասարության նժար չդնի զոհի և դահիճի միջև: Փաշինյանի այս հայտարարությունից էլ բխում է, որ հայկական կողմը ևս պատասխանատվություն է կրում սահմանային լարվածության ավելացման համար՝ ըստ այդմ՝ Հայաստանի պաշտպանության նախարարին կտրվեն համապատասխան հանձնարարություններ:
Հետաքրքիր է նաև Ադրբեջանի պաշտոնական արձագանքը, որը հետևել է Փաշինյանի այս հայտարարությանը: Զարմանալի է, բայց փաստ, որ վերջին տասնամյակի ընթացքում ադրբեջանական կողմը նման լոյալություն չէր դրսևորել և այսօր էլ պաշտոնական Բաքվի ռազմատենչ և հակահայկական հայտարարություններից՝ համագործակցության և միմյանց ընդառաջ գնալու որևէ միտում չի նկատվում: Դրա հետ մեկտեղ, հասկանալի է, որ որքան էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձի սրել սահմանային իրադրությունը և խոսի ռազմատենչ հայտարարություններով, այդուհանդերձ, Ալիևը շատ լավ գիտակցում է բանակցությունների շարունակության կարևորությունը։ Դա այս պահին հայկական կողմին մանևրելու հնարավորություն է տալիս՝ սակայն մանևրելիս էլ պետք է անչափ ուշադիր լինել: Փաշինյանի և ԱԳՆ իրարամերժ հայտարարությունները, որոնք հնչում էին վերջին շրջանում՝ Ալիև-Փաշինյան հաջորդ, արդեն պաշտոնական հանդիպման ժամանակ՝ կարող են օգտագործվել մեր դեմ…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *