Փառավոր հաղթանակներ է կերտել մեր ժողովուրդն իր քաջ զավակների ցուցաբերած արիության շնորհիվ․ Բակո Սահակյան

Bako-Sahakyan-1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

 

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:

 

Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգեւել մեզ եւ ուղենիշ հանդիսացել մեզ համար’ առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին’ աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի եւ արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:

 

Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը’ լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:

 

Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետեւ ունենք նաեւ արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը’ պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:

 

Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:
Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին’ Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք»։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *