Փաստորեն՝ պարսիկներին էլ «լայաղ» չենք…

տուր

Ինչպես հայտնի է, աշխարհում բավական մեծ է թիվն այն երկրների, որոնց ներքին համախառն արդյունքի առյուծի բաժինը գոյանում է զբոսաշրջությունից, ուր տնտեսության հիմնական շարժիչ ուժը տուրիստական ոլորտն է:

Ու թեպետ կարող է տպավորություն ստեղծվել, թե հաջողված տուրիստական երկիր լինելու համար ծովի գոյությունը պարտադիր է, բայց ինչպես կյանքն է ապացուցում, ոչ միշտ է, որ սույն գործոնը խաղում է վճռորոշ դեր՝ զարգացած տուրիզմ ունենալու հարցում:

Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու մի մարմին կա. էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունն է՝ Մեխակ Ապրեսյանի գլխավորթւոթյամբ: Թե Հայաստանում զբոսաշրջության մակարդակն ինչ աստիճանի վրա է ներկայումս, կարծում ենք, առանձնակի ներկայացնելու կարիք չկա, քանի որ անգամ անզեն աչքով է նկատալի, որ մեր երկիրը տարեցտարի կորցնում է իր գրավչությունն արտասահմանցի հյուրերի համար, ու ստացվում է այնպես, որ անգամ պարսիկներն են դադարում այցելել մեր երկիր. ասում են՝ Վրաստանի ու Իրանի միջև կապերի սերտացման ֆոնին՝ Վրաստան իրանցիների թիվն այս տարի ավելացել է ավելի քան 40%-ով: Իսկ այդ 40%-ը, կոպիտ ասած, այն պոտենցիալ զբոսաշրջիկներն են, որոնք պետք է այցելեին ՀՀ, սակայն նախընտրել են հարևան երկրի ծովափերը:

Հայաստանը հետզհետե սկսում է վերածվել ընդամենը տրանզիտային տարածքի, ինչը, բնականաբար, ուղղակի նշանակումն է այն բանի, որ դադարում է դիտարկվել՝ տուրիզմի համար գրավիչ երկիր: Ինչո՞ւ: Ամեն անգամ, երբ նույն Ապրեսյանը, որ թիվ մեկ պատասխանատուն է Հայաստանում տուրիզմի զարգացման համար, որոշում է ասուլիս անել ու իբր թվեր մեջբերել՝ Հայաստան զբոսաշրջիների այցի հետ կապված, որպես կանոն՝ սկսում է խոսել առաջընթացի, մի քանի տոկոսանոց աճի ու նույնիսկ տված գերաճի մասին. իբր մի քանի տարի ևս, ու մենք ասենք «Բուլղարիա» ենք դառնալու:

Փաստը մնում է փաստ, սակայն, որ որքան էլ Ապրեսյանը թվեր «կրակի» ու մեզ հույսով անի, թե Հայաստանն ասենք աշխարհի ամենամատչելի հանգստյան գոտիներ ունեցող երկրների առաջին հնգյակում է, փաստ է՝ գներն այստեղ այնքան թանկ են, որ շատ հայաստանցիներ անգամ նախընտրում են նույն Վրաստանի լողափերը, քան հայրենի չքնաղ բնության գրկում հանգստանալը, ինչը չի կարող մտահոգիչ չլինել:

Հետաքրքրիր է, եթե անգամ տեղացուն չենք կարողանում բավարարել այն ծառայություններով, որ առաջարկվում է ոլորտում, ինչպե՞ս ենք բավարարելու եվրոպացի քմահաճ տուրիստի պահանջներն ու ցանկությունները. չկան հասարակական զուգարաններ, մատչելի կեցավայրեր, ճանապարհային քարտեզներ ու ուղենիշներ, երթևեկության անվտանգությունը երաշխավորված չէ, ինչը, ինչպես հայտնի է, չափազանց կարևոր է օտարերկրյա զբոսաշրջիկների համար…

Անվիճելի է մեկ բան՝ չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջության ոլորտում շրջանառվող փողերը հարյուրավոր միլիարդների են հասնում՝ որոշ երկրների պարագայում հաճախ գերազանցելով ասենք արդյունաբերության կամ գյուղատնտեսության ոլորտները, մենք այդպես էլ չենք կարողանում ուշքի գալ ու մեր ունեցած պոտենցյալն, ինչպես հարկն է, ի ցույց դնել ոչ միայն օտարներին, այլև՝ ինքներս մեզ:

Նախնական ներդրումներ են հարկավոր՝ տուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու համար, ճիշտ մարկետինգ ու ներկայանալի դիմագիծ, ինչը, սակայն, մենք չենք կարղանում հավուր պատշաճի ռեալիզացնել, ինքնառեալիզացվել տուրիզմի համաշխարհային շուկայում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *