Փոխզիջումների մասին խոսում են միայն Երևանում, արտաբերեք այդ բառը Բաքվում և ձեզ կբզկտեն. Հայկ Մարտիրոսյան

timthumb (1)

ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱՄՆ–ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

 

-Պարո՛ն Մարտիրոսյան, նախ կխնդրեի՝ Ձեր գնահատականը տալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Սպասելի՞ էր Ձեզ համար նման արդյունքը։

 

-Հերթական կեղծված ընտրություններն էին. առավել կատարելագործված և առավել վտանգավոր, որովհետև հիմնական կեղծիքները մինչև քվեատուփին մոտենալն էին տեղի ունեցել և ամենաճակատագրական, որովհետև այս ընտրությունների արդյունքները կարող են հանգեցնել հայրենիքի կորստյանը:

 

-Այս ընտրությունները ի՞նչ կփոխեն Հայաստանում՝ թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական իմաստով։

 

-Արտաքինով՝ ոչինչ: Հայաստանում Ազգային ժողովը երբեք արտաքին քաղաքականության մեջ որևէ դերակատարում, բացի պաշտոնական, արարողակարգային գործունեությունից՝ չի իրականացրել: Ներքինում՝ կլինեն փոփոխություններ: Եվ դա այն է, որ սա կլինի անվերապահորեն կառավարվող խորհրդարան: Գոնե՝ սկզբնական շրջանում:

 

-Գալով Արցախի թեմային. այս օրերին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, թե արցախյան հակամարտության կարգավորումը կախված է երկու կողմերի՝ ՀՀ-Ադրբեջան, փոխզիջումային որոշումներ կայացնելու պատրաստակամությունից։ Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը՝ Ձեր կարծիքով։

 

-Անհեթեթություն է: Նաև՝ նենգ խաբեություն: Միջազգային տգետ և այս տարածաշրջանով զբաղվող, բայց այս տարածաշրջանից ոչինչ չհասկացող արևմտյան կամ ոչ արևմտյան օտար և հայրենի դիվանագետների ստանդարտ, անգիր արած արտահայտություններին հավատալով՝ ոչ մի տեղ չենք հասնի: Արցախի հարցը, ցավոք, կարգավորում չունի: Այն կարող է «կարգավորվել» միայն երկու պարագայում. եթե Հայաստանը պարտվի և առհավետ վերանա քարտեզից որպես հայկական պետություն, և եթե Ադրբեջանը պարտվի և տրոհվի՝ մի քանի տասնամյակով կորցնելով հայկական հողերին հավակնելու կարողությունը: Ադրբեջանն այլևս հետաքրքված չէ միայն Արցախով: Այն ամբողջ Հայաստանն է ուզում. նախ՝ ազատագրված տարածքներ, ապա՝ նախկին ԼՂԻՄ, ապա՝ Զանգեզուր և այնուհետև՝ իհարկե, այսպես կոչված և կեղծ՝ «Էրիվանի խանությունը»: Այս հերթականությամբ, կամ՝ ինչպես որ հաջողվի: Քանի դեռ Հայաստանում հեքիաթներով են սնվում՝ իբրև թե հնարավոր է կարգավորում, կամ խաղաղություն մի էթնիկ տարրի հետ, որ դարեր շարունակ ոչնչացրել է հայերին և աստիճանաբար գրավել նրա հայրենիքը, Հայաստանը մնալու է կործանման եզրին: Իսկ «փոխզիջումների» մասին խոսում են միայն Երևանում: Արտաբերեք այդ բառը Բաքվում, և ձեզ կբզկտեն: Իրենց անսասան պատկերացմամբ՝ զիջել պարտավոր է միայն Հայաստանը: Եվ հետո՝ լավ մտածենք. ի՞նչ ունեն զիջելու հայերը: Ինչ կարելի էր և չէր կարելի զիջել՝ հայերը զիջել են: Մնացել է մի քանի թիզ հող՝ ներառյալ այն «ռազմավարական նշանակություն չունեցող», իսկ երբեմն էլ՝ որպես «անվտանգության գոտի» ծառայող ազատագրված տարածքները, որ ըստ Ազգերի լիգայի որոշման՝ Հայաստանի Հանրապետության մաս են, բայց որոնք իննսունականների սկզբներին Հայաստանում տգիտորեն գրավված սկսեցին համարել: Դրանք դեպի Երևան տանող դարպասներն են, այդ մասին հարյուրավոր անգամներ ենք խոսել: Փոխզիջումների հնարավորության մասին չմեռնող սուտն արդեն սրտխառնոց է առաջացնում:

 

-Ըստ Ձեզ՝ արդյոք չպե՞տք է նախ Արցախը վերադարձնել բանակցային սեղան, ապա նոր՝ խոսել փոխզիջումային որոշումների մասին։ Դա հնարավոր համարո՞ւմ եք մոտ ապագայում։

 

-Ո՛չ: Ժամանակին մեծ սխալ գործվեց՝ Արցախին զրկելով բանակցային կողմ լինելուց: Սակայն հիմա դրա անհրաժեշտությունն անգամ անցել է: Արցախը փաստացի Հայաստանի մաս է: Հայաստանը պետք է իր սեփական մոտեցումը փոխի խնդրին, հակառակ պարագայում՝ երկու, երեք, տաս հավելյալ հայկական պսևդոպետություններ էլ որ ստեղծենք և նստեցնենք բանակցային սեղանի շուրջ՝ ոչինչ չի փոխվի: Քանի դեռ Հայաստանը պարտվողական գիծ է որդեգրել և միակողմանիորեն խոսում է «փոխզիջումներից»՝ ոչինչ չի փրկի: Բացի այդ՝ դրանով ոչ ոքի չենք խաբում՝ բացի մեզնից: Արցախի անկախության կեղծ հաշվարկը սպառել է իրեն: Այն ոչինչ չի տվել և անցյալ ապրիլը լավագույն ժամանակն էր Արցախը պաշտոնապես մտցնելու ՀՀ կազմ: Արցախը Հայաստանի փաստացի մարզ է և պետք է այն հռչակել նաև իրավական առումով մարզ: Մեր այդ երկրամասի անկախության ճանաչման ինքնանպատակ և կույր մոլուցքը այս նոր շրջանում այլևս խիստ վտանգավոր է դարձել:

 

-Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

 

-Այսպիսի խորհրդարանով և այսպիսի Սահմանադրությամբ, որտեղ դրույթ կա, որ խորհրդարանը կարող է տարածքային հարցեր վճռել՝ ես ազգային աղետի ուրվագծեր եմ տեսնում: Հուսով եմ, որ սա խիստ վատատեսական և անիրականանալի վախ է:

 

-Ի՞նչ եք կարծում՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը կփոխվի՞ ԱԺ ընտրություններից հետո՝ կկարծրանա՞ թե ավելի զիջողական կդառնա։

 

-Չգիտեմ: Հայաստանը անչափ անկանխատեսելի երկիր է՝ բանանային հանրապետությանը հատուկ բոլոր գծերով, որ հաստատուն քայլերով գնում է դեպի ինքնաոչնչացում: Աղքատ և թշվառ տնտեսություն ու բարոյահոգաբանական չափազանց վատ մթնոլորտ ունեցող երկրում, որտեղ մեկ-երկու հոգի են որոշում կայացնում՝ անհնար է քաղաքական ճշգրիտ կռահումներ անել: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ այլևս անգամ նախորդի պես վատ Ազգային ժողով չկա: Կա այլ ատյանների որոշումները կնքող և վավերացնող մի մարմին, որ խորհրդային կոմունիզմի ամենաընդգծված ավանդույթներով վավերացնելու է առանձին այս կամ այն անձի կողմից երկրի կառավարումը:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *