Փողերը հետ բերելու ժամանակը…

timthumb (1)

Հայատանի տնտեսությունը մշտապես աչքի է ընկել մի յուրատեսակ առանձնահատկությամբ. դրանում հաճախ տեղի են ունենում գնային տեղաշարժեր, որոնք որևիցե բանական հենք իրենց հիմքում, որպես կանոն, չեն ունենում: Դիցուք՝ երբ ուսումնասիրում ես հատկապես վերջին ամիսներին հայաստանյան պարենի շուկայում իշխող միտումները, հասկանում ես, որ մեր տնտեսության հետ ինչ-որ բան է կատարվում՝ բացասական բան, ինչը ոչ մի նորմալ վերլուծության չի ենթարկվում. գնաճը հետզհետե ձեռք է բերում սպառնալից մասշտաբներ:

Ինչո՞ւմն է խնդիրը: Բանն այն է, որ ԱՎԾ կողմից հունիսի 12-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ սննդամթերքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մայիսին թանկացել է ավելի քան 6%-ով: Այստեղ հետաքրքրականն այն է, որ փետրվար-մարտի համեմատ պարենամթերքի թանկացման տեմպը աճել է մոտ 2%-ով, և սա այն պարագայում, երբ պարենի համաշխահային շուկայում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գների որոշակի անկում է գրանցվել: Այսինքն՝ աշխարհում պարենի գների անկմանը զուգահեռ Հայաստանում գնաճ է տեղի ունենում ու այն էլ չափազանց անկառավարելի տեմպերով: Ու հիմա ցանկացած նորմալ մարդու մոտ մի խիստ բնական հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ: Իրականում այս խիստ արդիական հարցի պատասխանը գտնելն այնքան էլ դժվար չէ. այս ճանապարհով հայ բուրժուաները հետ են բերում ընտրություններին բաժանված փողերը: Ու քանի որ ժամանակն էլ բարենպաստ է փողերը հետ բերելու համար՝ պայմանավորված նույն համաշխարհային շուկայում պարենի գների անկմամբ, տղերքը գազ են տվել՝ գնա՝ գալիս եմ: Իսկ ո՞վ է նրանց ասելու՝ «աչքի վերևն ունք կա». մարդիկ վաստակել են իրենց այդ իրավունքն ու ազատորեն ինքնառեալիզացվում են, ու փաստորեն հիմա խեղճ ժողովուրդն է ստիպված լինելու «արյունաքամ» լինել ինքնառեալիզացվողների ձեռքը:

Իրականում, սակայն, սա պետք է դաս լինի հասարակության ամեն մի անդամի համար. երբ ձեզ քվեի համար գումար կառաջարկեն՝ թեկուզ մի քանի տարի հետո, բարի՛ եղեք՝ ուղարկել այդպիսիներին գրողի ծոցը. հետո ուշ է  լինում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *