Փողոցում 100-200 հոգով հարց չեն լուծի. քաղաքագետ

timthumb (7)

Վերջին օրերին անընդհատ քննարկվում են «Ելք» խմբակցության ներսում առկա տարաձայնությունները: Նշվում է, որ մասնավորապես անհամաձայնություններ կան Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարի հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազատության հրապարակ վերադառնալու մասին` նշելով, որ ինքն այդ որոշումը կայացրել է ընտանիքի անդամների հետ խորհրդակցելով: Իսկ ահա նրա գործընկեր, «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի ներսում տիրող իրավիճակին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը նկատեց, որ «Ելք» դաշինքը բաղկացած է երեք կուսակցությունից և բնական է, որ այս կամ այն հարցի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ. «Շատ նորմալ է, որ դաշինքում կարող են լինել տարաձայնություններ, այդտեղ տարօրինակ բան  չկա: Տարօրինակն այն է, որ կուսակցությունների մեջ ոչ մի հարցի վերաբերյալ որևէ տարաձայնություն չի լինում, լինի դա իշխող քաղաքական ուժ, թե ընդդիմադիր ներկայացող ուժ: Այ սա է տարօրինակ, երբ կուսակցության ղեկավարը մի բան է ասում և բոլորը համաձայնում են»,- նշեց նա:

«Ելք» դաշինքում պայքարի ձևերի հարցում անհամաձայնությունների հետ կապված՝ քաղաքագետն այլ խնդիր է տեսնում. «Խնդիրն այն չէ՝ քաղաքական այդ ուժը դուրս կգա՞ հրապարակ, թե՝ ոչ, այլ այն, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց հանդեպ: Դատելով անցյալ տարվա ապրիլին տեղի ունեցած ընտրական իրադարձությունից, հայ հասարկությունը, որպես գործոն, Հայաստանում դադարել է գոյություն ունենալ: Իսկ եթե հասարկությունը գործոն չէ, ապա նշանակություն չունի՝ «Ելք» դաշինքի մեջ մտնող ուժերը դուրս կգա՞ն Ազատության հրապարակ, հանրահավաք կանե՞ն, թե՝ ոչ»,- ասաց Արմեն Բադալյանը:

«Գործող նախագահի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը նշանակում է իշխանության ձևավորման գործընթաց, որտեղ հասարկությունն ամբողջովին բացակայում է: Ինչպես ապացուցվեց, ապրիլյան միջոցառումների դեպքում ֆինանսական աջակցությամբ քվեարկողների թվաքանակը գերազանցեց քաղաքական դրդապատճառներով քվեարկողներին, իսկ դա նշանակում է, որ հասարկությունը, որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալ: Իսկ այժմ դուրս գալ փողոց՝ հավաքելով 100-200 հոգի, դրանով հարց չեն լուծում»,- ասաց Բադալյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն այս պահի դրությամբ գտել է իր պայքարի լավագույն ձևը. փողոց դուրս գալու փոխարեն՝ ընտրել է պայքարի ամենաարդյունավետ ձևը՝ արտագաղթը, ինչն այս պահի դրությամբ հասարակության մոտ գերիշխող գաղափար է դարձել:

Քաղաքագետը վստահ է՝ վարչապետի նշանակման և թեկնածության հարցը Հայաստանում չի որոշվում, դա որոշվում է աշխարհաքաղաքական կենտրոններից, և ամենայն հավանականությամբ այդ հարցն արդեն լուծված է: 

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *