Քաղաքաշինության գաղջը…

timthumb

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Կառավարության տարածած կադրերում Կարապետյանը սովորականի պես դժգոհում է, պահանջում և հոխորտում: Այս անգամ վարչապետի զայրութի առիթ էին դարձել սխալ վայրերում բուսնող առևտրի կենտրոնները և գազալցակայանները: «Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա: Էսինչ տարածքի վրա էսքան սուպերմարկետ պիտի չլինի, էսքան գազալցակայան պիտի չլինի»,-անչափ էմոցիոնալ պահանջել է վարչապետը: Թե ինչն է մինչ օրս խանգարել Կարապետյանին փոխել այդ կանոնները, դժվար է ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ Քաղաքաշինության կոմիտե վարչապետի այցերը մեկ տարվա ընթացքում սահմանափակվել են ընդամենը պահանջներով, հանձնարարականներով և դրայվոտ հոխորտանքներով:
Այսպես օրինակ՝ 2016-ի ապրիլին Կարապետյանը հայտարարում էր ՝«257 մլն ՀՀ դրամ հենց այնպես չենք տալու: 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում: Մենք պահում ենք գոյություն չունեցող երկրի նորմերը, ո՞րն է տրամաբանությունը: Գույքագրե՛ք, թե ինչն է մեզ պետք, դասակարգե՛ք ֆինանսական աղբյուրները, դրամաշնորհային հնարավորությունները, միջազգային փորձը, որ նորմատիվային դաշտը գոնե բազիսային մակարդակով արդիականացնենք: Այս ոլորտի դրայվերը դո՛ւք եք, մշակույթ մտցնողը դո՛ւք եք», — ասել է վարչապետը: Ինչպես երևում է՝ կոմիտեն ականջի հետև է գցել վարչապետի պահանջը՝ եթե այսօր էլ Կարապետյանը ստիպված է լինում կրկնել մեկ տարվա վաղեմության հանձնարարականը, պահանջելով քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն ավելի կիրառելի և մատչելի դարձնել:
Կարապետյանի մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանձնարարականի կատարումը նույնպես կարծես թե սարերի հետևում է: Ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետը կոմիտեից բողոքում էր ստրիպտիզ ակումբների և զվարճանքի վայրերի աշխատանքը չկանոնակարգելու պատճառով:«Շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք», – ասաց Կարեն Կարապետյանը: Այս հանձնարարականից անցել է բավական երկար ժամանակ, սակայն գեթ մեկ գործնական քայլ չի ձեռնարկվել։
Գուցե պատճառը այն է, որ Կարապետյանի հետ հանդիպման եկած պաշտոնյաները քաջ գիտակցում են տեղի ունեցողի ֆարսը և ձևականությունը, և այդ պատճառո՞վ չեն շտապում ի կատար ածել վարչապետի խիստ պահանջները: Մեկ այլ հարց էլ է առաջանում՝ ինչո՞ւ է կառավարությունը տարածում Կարապետյանի հանդիպումների միայն այն հատվածները, որտեղ վարչապետը պահանջում է, սաստում, բողոքում և տուրք տալիս էմոցիաներին: Կարապետյանին հակադարձողներ չկա՞ն, թե հակադարձողները կադրից դուրս են մնում՝ այսպիսով՝ ձևավորելով Կարապետյանի կոշտ և սկզբունքային կառավարչի ամպլուան…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *