Քաղաքապետը որոշել է մարդկանց սովամա՞հ անել…

Վան

Բանից պարզվում է’ Հայաստանում աշխատավարձ ստանալը հետզհետե վերածվում է անլուծելի խնդրի: Ընդ որում’ սեփական աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց հրաժարվում են ոչ միայն մասնավոր ընկերությունների սեփականատերերն, այլև, որ առավել ցավալի է, նաև մի շարք պետական օղակների ղեկավարներ, որոնց տրամաբանությունն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում: Ասել կուզի’ մեզանում մարդկանց հիմարացնելն ու նրանց աշխատուժը անշնորհակալաբար օգտագործելը հետզհետե վերածվում է համատարած պրակտիկայի, ինչը չի կարող դատապարտելի չհամարվել:

Այսպես, հիմա էլ պարզվում է’ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հիմնարկների աշխատակիցները բավական տևական ժամանակ է՝ աշխատավարձի երես չեն տեսել, իսկ բուն քաղաքապետարանի աշխատակիցներին էլ վճարվել է միայն մայիս ամսվա աշխատավարձերը: Այս ողջ իրավիճակի մարազմայնությունն այն է, որ քաղաքապետարանից աշխատավարձ չստացածներին ուղղակիորեն ասել են, որ մինչև ՏԻՄ ընտրություններ չանցկացվեն՝ իրենք աշխատավարձ չեն ստանալու ու կարող են զուր տեղը սեփական հասանելիքի մասին ավելորդ ֆանտազիաներ չհյուսել. փող չի լինելու:

Թե հատկապես ինչի հետ է կապված ժողովրդին այսպիսի անելանելի վիճակում դնելը՝ կարծես այդքան էլ պարզ չէ: Բայց կարելի է ենթադրել, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, չստանալով հարազատ ՀՀԿ-ի աջակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններում, որոշել է այս կերպ հանել իր «գջիկն» ու, ասենք, Հովիկ Աբրահամյանից վրեժ լուծել հասարակ ժողովրդի միջոցով’ սովամահ անելով անմեղ մարդկանց:

Փաստորեն, ստացվում է, որ մինչև հոկտեմբեր ամիս աշխատավորները կարող են հույս չունենալ, թե կվճարվեն պետության կողմից, քանի որ ՏԻՄ ընտրությունները, ինչպես հայտնի է, նախատեսված են հոկտեմբերի 2-ին: Իսկ, թե ինչով են այդ մարդիկ այս ամիսների ընթացքում կերակրվելու, այնքան էլ հայտնի չէ, քանի որ աշխատակիցներից շատերի միակ եկամտի աղբյուրը լոկ իրենց ունեցած աշխատանքն է:

Հետաքրքրիր է’ սեփական համաքաղաքացիների նկատմամբ այսօրինակ խայտառակ վերաբերմունքը որքանո՞վ է կարողանում Դարբինյանը տեղավորել «Փորձս ու կյանքս’ ժողովրդիս» լոզունգի ծիրից ներս, որի կրողն էր ինքը, երբ փորձում էր ընտրողների վստահությունը շահել ու քաղաքապետ դառնալ նախորդ ՏԻՄ ընտրություններին: Թե՞ այլևս չունի կախվածություն ու անձնական շահագրգռվածություն, թե՞ այլևս թքած ունի’ ժողովուրդն ինչպես է գոյատևելու, ինչպես է հոգալու սեփական հանապազօրյան…

Համաձայնե՛ք’ տարածված պրակտիկա’ հայաստանյան իրականության պայմաններում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *