Քանդում են հին շենքերը. հերթն Առաջին Հանրապետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի տանն է հասել (լուսանկարներ)

timthumb (4)

Տարիներ շարունակ բոլորիս հետաքրքրել է, թե ինչ ճակատագիր է սպասվում Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի՝ Արամի 9 հասցեում գտնվող տանը: Թերևս մինչ օրս հարցն առկախված է մնացել:

ԼՈւՐԵՐ.com-ը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց ՀՀ մշակույթի նախարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում Գլխավոր պողոտայի տարածքում գոյություն ունեցող հուշարձանների պահպանմանը և «Հին Երևան» ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերը բազմիցս քննարկել է քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ. «Նախարարության մասնագետների և «Հին Երևան» թաղամասի նախագծի հեղինակ Լ. Վարդանյանի հետ համատեղ, աշխատանքային կարգով, քննարկվել է մշակված էսքիզային նախագիծը: Արամի փողոցի N 9 հասցեում գտնվող հուշարձանը պետական ցուցակում ընդգրկված է որպես Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն և համաձայն նախագծի՝ վերականգնվելու է»,- պատասխանեցին նախարարությունից:

Մշակույթի նախարարութունն ի՞նչ պլաններ ունի շենքի վերականգնման հետ կապված՝ հարցին ի պատասխան, նախարարությունից ասացին, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենդրության պահանջների կատարման նկատմամբ, իսկ հետագայում, սահմանված կարգով, համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալու հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագծի վերաբերյալ, ապա վերահսկելու է աշխատանքները:

Նշեցին նաև, որ բազմիցս անդրադարձել և իրենց դրական կարծիքն են հայտնել Արամի փողոցի  N 9 հասցեում Արամ Մանուկյանի տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել են Արամի փողոցին հարող տարածքում կամ նշված շենքի բակում տեղադրել Արամ Մանուկյանի արձանը:

Նշենք, որ հարցի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը  դիմել է նաև քաղաքապետարան: Շենքին ի՞նչ ճակատագիր է սպասվում հարցին քաղաքապետարանից պատասխանեցին, որ Արամի փողոցի համար 9 շենքն, իր զբաղեցրած հողատարածքով, ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ. «Տարածքը ձեռք բերող ընկերության կողմից Արամի հ. 9 շենքը, որը հանդիսացել է բնակելի շենք և ունեցել է մեկ տասնյակից ավելի բնակարաններ, օրենքով սահմանված կարգով իրացվել է: Շենքը և վերը նշված տարածքում առկա հուշարձան-շենքները պահպանվելու և վերակառուցվելու են իրենց իսկ տեղերում»,— պատասխանեցին քաղաքապետարանից ՝ նշելով, որ կառավարության որոշումներում և դրանցից բխող պայմանագրերում, քննարկվող շենքը, որպես Արամ Մանուկյանի տուն-թանգարան վերականգնելու որևէ դրույթ ամրագրված չէ:

Իսկ թե որքանո՞վ է քաղաքապետարանի այս տեսակետն ընդունելի Մշակույթի նախարարության  համար, պարզել չկարողացանք, որովհետեւ մեր այդ հարցը  Մշակույթի նախարարությունն անպատասխան էր թողել:

Հ.Գ. Թե որն է  այս հարցն անտեսելու պատճառը, թերևս գուշակելն այնքան էլ դժվար չէ: Ըստ երևույթին՝ չեն ուզում միջգերատեսչական լարվածություն մտցնել: Սակայն ստացվում է այնպես, որ քաղաքապետարանն ինչ ուզում, այն էլ անում է՝ հին շենքերը քանդելով, խաթարում է Երևան քաղաքի հին տեսքը: Մինչդեռ մեր հարևան Վրաստանում, օրինակ, պահպանվում է ամեն ինչ՝ սկսած փոքրիկ պատշգամբներից՝ ավարտած քաղաքին կոլորիտ հաղորդող տարբեր շինություններով, որքան էլ որ դրանք հին լինեն:

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *