Քանի դեռ ես ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու․ Արթուր Մեսչյան

timthumb

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ճարտարապետության ոլորտում առկա խնդիրներին ու դրանց լուծման ճանապարհներին։

Մեսչյանի խոսքով՝ Երևանում ճարտարապետությունը բավականին վատ վիճակում է գտնվում․ «Կան խնդիրներ, որոնց մասին որոշումներն արդեն կայացված են, և ես այդտեղ, ցավոք սրտի, անելիք չունեմ։ Մյուս կողմից, կարող եմ ասել, որ կան մի շարք պաշտոնյաներ, որոնք ասում են, թե այսինչ բանն անելու համար իրենց մի քանի ամիս ժամանակ է պետք։ Ես ասում եմ, որ ինձ ոչ մի ժամանակ էլ պետք չէ, ես գիտեմ խնդիրները»։

Անդրադառնալով Երևանի շենքերի դիզայնին՝ Մեսչյանը նշեց, որ Երևանն ստանալու է հատուկ կարգավիճակ և որ ամեն ինչ անելու է խնդիրները վերացնելու համար.«Քանի դեռ ես ճարտարապետ եմ, Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Ինչ վերաբերում է կետային շինարարությանը, ցավոք սրտի՝ ժամանակին շատերին վաճառվել են մի շարք հողատարածքներ և մարդիկ այդտեղ շինարարություն են իրականացնում և, ըստ էության, ես չեմ կարող արգելել մարդուն կատարել շինարարություն իր սեփական տարածքում»։

Երևանի գլխավոր ճարտարապետը ընդգծեց նաև, որ ճարտարապետ եղած տարիներին հնարավորինս փորձելու է հասնել հաջողության․«հուսամ՝ կհաջողեմ»։

Այնուհետև, խոսելով Արամի 23 հասցեի՝ փլուզման եզրին հայտնված պատմամշակութային շինությանը, նշեց, որ անձամբ ծանոթացել է խնդրի հետ և այժմ քայլեր է ձեռնարկում դրա լուծման համար։

«Խորհուրդ կտամ, որ այդ երեխաները դեռևս չմտնեն այդ շենք՝ մինչև խնդիրները կարգավորվեն։ Ես որ ասում եմ չի քանդվելու ոչինչ, ուրեմն՝ չի քանդվելու։ Ես շատ հաճախ լսում եմ, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90%-ը քայլում է այդ փողոցում, այնպես որ՝ պետք չէ անընդհատ մեղադրել նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանին»,- հավելեց Արթուր Մեսչյանը։

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *