Քոչարյանի հետ երկար զրույցներ, Արցախի և ՀՀ նախագահներին՝ համաներման խնդրանք

29939223_543513162715549_532597331_n

2018 թվականին սպասվում են համապետական կարևոր իրադարձություններ. մեծ շուքով կտոնենք Առաջին հանրապետության 100-ամյակը եւ Երեւանի 2800-ամյակը:

Սովորաբար, նման համապետական միջոցառումներից առաջ, երկրի ղեկավարը ստորագրում է համաներման ակտ՝ ներում շնորհելով որոշ դատաարտյալների, ու թեև Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, բայց նա այդպես էլ չի շտապում հայտարարել համաներման մասին. «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մայիսյան եռատոնից առաջ հայտարարվի համաներում, և այն մարդիկ, ովքեր արդեն պատիժը կրելով գիտակցել են իրանց արարքն ու պատճառած վնասը, հնարավորություն ունենան իրենց հարազատների հետ անցկացնելու իրենց հետագա կյանքն՝ ազատության մեջ»,ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Հարցին՝ արդյո՞ք համաներման արժանանալու շանս ունի Սամվել Բաբայանը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Սամվել Բաբայանի համաներման մասին խնդրանքով դիմելու եմ և՛ ՀՀ նախագահին, և՛ Արցախի նախագահին: Բաբայանն իմ ընկերն է, և ես նրա մասին երկար զրույցներ եմ ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ: Կարծում եմ և՛ Սամվել Բաբայանը, և Ժիրայր Սեֆիլյանը պետք է արժանանան համաներման: Եկող շաբաթ այդ հարցով պատրաստվում եմ դիմել նախագահ Սարգսյանին»,-ասաց Իսագուլյանն` անդրադառնալով նախագահ Սարգսյանի կողմից տևական ժամանակ համաներում չհայտարարելու որոշմանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ ատյանը այս տարվա փետրվարին մերժեց Սամվել Բաբայանիբողոքը և ուժի մեջ մտավ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով վեց տարվա ազատազրկման դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը:

Սամվել Բաբայանը մեղավոր  ճանաչվեց Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ժիրայր Սեֆիլյանն էլ դատապարտվեց 10 ու կես տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվելու համար: Որպես մեղմացուցիչ հանգամանք դատարանը հաշվի առավ Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ունեցած ակտիվ մասնակցությունը:

Թե Արցախի անկախության հարցում մեծ ներդում ունեցած Բաբայանի և Սեֆիլյանի նկատմամբ որքա՞ն բարեհաճ կգնվի նախագահ Սերժ Սարգսյանը, նրանց համաներմամբ ազատ արձակելու հարցում արդյո՞ք կբարեխոսեն Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, և ի՞նչ արձագանք կգտնի Իսագուլյանի կոչ-խնդրանքը վերնախավում, կիմանանք առաջիկայում:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *