Քոչարյան-Փաշինյան պայքարը սրվում է

timthumb (3)

ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության՝ երեկ տարածված աղմկահարույց գաղտնալսումը էականորեն սրեց ներքաղաքական զարգացումները: Մասնավորապես՝ Փաշինյան-Քոչարյան փոխհարաբերությունները գործնականում արդեն վերածվում են «սևի և սպիտակի»: Ի դեպ, եթե շաբաթներ առաջ Փաշինյանը սաստեց ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու թեզը, երեկ Դավթաշենում կայացած հանրահավաքի ընթացքում ինքը բառացիորեն կրկնեց նույն միտքը: Ուրեմն՝ ի՞նչ էր պատահել դրանից հետո, որ Նիկոլ Փաշինյանն անցավ կոշտ հռետորաբանության: Արդյո՞ք մինչ այդ հայտնի էր դարձել որևէ գաղտնալսման մասին տեղեկություն, և նա գիտեր, որ պատրաստվում է այդպիսի հրապարակում և, ըստ էության՝ փորձեց անցնել կանխարգելիչ հարվածի, թեև, եթե դա այդպես էր, ապա հարվածը, ըստ էության, չօգնեց:
Այն, որ սկանդալի թիրախում հայտնված երկու կառույցները փորձեցին սլաքներն ուղղել Ռոբերտ Քոչարյանի կողմը՝ ակնհայտ է: Ըստ էության, Քոչարյանի դեմ նոր փաստեր ներկայացրին՝ կապված նրա ընտանիքի կողմից կաշառքի դիմաց «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու հետ: Մյուս կողմից էլ, ինչպես նոր իշխանությունները պետք է ապացուցեն այդ իրողությունը, այնպես էլ Քոչարյանը պետք է ապացուցի իր անմեղությունը, իսկ մինչ այդ՝ գործընթացները տանում են ներքաղաքական կյանքի անկառավարելի սրացման: Երեկվա հանրահավաքի ժամանակ թերևս առաջին անգամ Փաշինյանը նույն նժարի վրա դրեց երկրորդ և երրորդ նախագահներին, ինչից հասկանալի է դառնում, որ մոտ ապագայում Սերժ Սարգսյանը ևս կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ինչպես ակնարկեց ՀՔԾ պետը՝ չի բացառվում որ Սարգսյանը ներգրավվի քրեական գործում ոչ որպես վկա: Ընդհանրապես, շատերի համար էր տարակուսելի, որ Փաշինյանը հայտարարում է Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտման մասին՝ առանց այդ ժամանակվա առանցքային քաղաքական ֆիգուրանտներից մեկին հարցաքննելու:
Երեկվա հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հրահանգեց ԱԱԾ և Ոստիկանության պետերին՝ «ռեյդ անցկացնել և ասֆալտին պառկեցնել, .զինաթափել օլիգարխների թիկնազորներին»: Երկու կառույցների ղեկավարները պետք է երկու ժամվա ընթացքում զեկուցեին վարչապետին կատարած աշխատանքի արդյունքների մասին: Փաշինյանը, իհարկե, գիտակցում է հնարավոր հետևանքները, բացի այդ՝ եթե «ռեյդերը» իրականացվեին՝ ուժային մարմինները չէին զլանա հանրության դատին ներկայացնել «շնորքով ներխուժման» ապացույցները: Հնարավոր է, որ «ռեյդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը երկրորդ դեղին քարտն էր հակահեղափոխությանը, եթե այսպես կոչված «սև ուժերը» շարունակեն տորպեդահարել Փաշինյանի օրակարգը՝ կհետևի հեռացումը…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *