Քո զինվորին տնից դուրս են անում, ա՛յ նախարար, դա քեզ չի մտահոգո՞ւմ. Խաչիկ Մանուկյան

timthumb

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այս օրերին կանգնած է Էջմիածնում գտնվող իր բնակարանը կորցնելու վտանգի առաջ: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում բանաստեղծը նշեց, որ տարիներ ձգվող բանկային քաշքշուկից ու բանկի նախկին կառավարչի ինքնասպանությունից հետո բանկի ներկա կառավարիչը, վարկային գործը ժառանգություն ստացած, իրենից պահանջում է բանկի պարտքի դիմաց հանձնել իր բնակարանը.  ««Անելիք» բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի ինքնասպանւթյունից հետո՝ ես, ինչպես նաև ինձ հետ տասնյակ մարդիկ, կանգնել ենք լուրջ ֆինանսական խնդիրների առջև: Բանկի կառավարչի ինքնասպանությունից հետո նրան հաջորդած կառավարիչը համոզում էր, որ հարցին լուծում կգտնեն, այնուհետև բանկը վաճառվեց մեկ այլ մարդու, որից հետո սկսվեց դատական քաշքշոցը»,-ասաց  բանաստեղծը:

Վերջինիս խոսքով՝ տարիներ առաջ ինքնասպան եղած կառավարիչն իրենից և այլ մարդկանցից վերցրել է անձնագրեր և դրանց միջոցով վարկեր ձևակերպել, և հիմա, փաստորեն, ինքը պետք է վճարի կառավարչի վերցրած վարկի մայր գումարն ու տարիներ շարունակ ավելացած տոկոսները. «Վարկի մայր գումարը, որը վերցրել է ինքնասպան եղած կառավարիչը, 23 հազար դոլար էր, հիմա տոկոսների հետ միասին հասել է 50 հազար դոլարի և բանկն էլ, ընդառաջելով որպես վերջնական վճարման ենթակա գումար, սահմանել է 40 հազար դոլար»:

Բանաստեղծը նշեց, որ օրեր առաջ ոստիկաններն այցելել են իր բնակարան՝ հորդորելով ազատել այն. «Սահմանվել էր տասնօրյա ժամկետ՝ բնակարանն ազատելու համար, հիմա, սակայն, ընդառաջել են, և այդ ժամկետը մի փոքր երկարաձգվել է»:

Խաչիկ Մանուկյանը նշեց, որ որպես աջակցություն՝ իր նկարիչ ընկերները կազմակերպել են նկարների ցուցահանդես, պատրաստ են շատ թանկարժեք նկարներ տալ բանկին՝ որպես գումարի մարման տարբերակ, ինչին, իհարկե, բանկը չի համաձայնել. «Իմ գրող ընկերները դիմել են նաև Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին և մինչ օրս արձագանք չկա: Հիմա պատրաստվում եմ հանդիպել նաև Գրողների միության նախագահի հետ: Ընկերներս փորձում են ամեն կերպ աջակցել և խնդրին լուծում գտնել»:

Նշենք, որ բանաստեղծի երկու որդիներն էլ ծառայել են բանակում, տղաներից մեկն Ապրիլյան պատերազմի մասնակից է և ծառայությունից վերադարձել է մեդալով. «Հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ նրանց պաշտպանեմ, ես այն տեսակը չեմ, որ գլուխս կախեմ, իմ տղաները սահման են պահել, և ես նրանց չեմ թողնի գլուխ խոնարհել»,-ասաց բանաստեղծը:

Հարցին՝ հնարավո՞ր է բանաստեղծը խնդրի առնչությամբ օգնության խնդրանքով դիմի նաև ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանին, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Ինքը պետք է դիմեր, չէ՞ որ՝ ա՛յ նախարար, քո զինվորին տանից դուրս են անում, չես կարողանում քո զինվորին պաշտպանել, քեզ դա չի մտահոգո՞ւմ»: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *