Օրակարգում Կաթողիկոսի հրաժարականի հարցն է

timthumb

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են: Ցույցերի նպատակի, ընթացքի և առաջիկա քայլերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» ազգային եկեղեցական նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչու՞ եք ընդվզում Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ և ցույցերն այժմ ո՞ր փուլում են:

-Մենք ամեն օր հավաքների միջոցով հրապարակային ներկայացնում ենք  փաստական հանգամանքներ, որ Կաթողիկոսի անձը ընդունված չէ հայ ժողովրդի կողմից, և դա անջրպետ է առաջացրել մարդկանց և եկեղեցու միջև: Դրա հետևանքով շատ մարդիկ հոգևոր սնանկության առջև են կանգնել: Մենք ձևակերպել ենք Հայրապետական գահը թողնելու խնդրանք: Մարդկանց  մոտ սառնություն է առաջացել եկեղեցու հանդեպ, և մենք ասում ենք՝  պետք է լինի այնպիսի հոգևոր առաջնորդ, որը որոշակի հոգևոր անվտանգության երաշխիքներ կապահովի: Բացի այդ հանգամանքներից, մենք նշել ենք հանգամանքներ, որոնք աշխարհիկ իմաստով են անհասկանալի: Օրինակ՝ կլանային համակարգը, որը Կաթողիկոսն է ստեղծել: Օրինակ՝ իր գյուղից 5 եպիսկոպոսներ կան, որոնք իր մերձավորներն են: Սա ցավալի փաստ է: Նրա ֆինանսական գործունեությունը միշտ գաղտնի է եղել: Կաթողիկոսը 19 տարվա մեջ մեկ հովվապետական այց է ունեցել Հայաստանում, և դա էլ գահակալության առաջին տարիներին: Նա արդարության քարոզող լինելու փոխարեն եղել է կեղծիք հավաստող: Կեղծված ընտրությունները շնորհավորել է ավելի շուտ, քան  ԿԸՀ-ն հրապարակել է արդյունքները: Ազգի օրհասական օրերին չի եղել ժողովրդի կողքին՝ ֆիզիկական, բարոյական, հոգևոր ներկայությամբ: Այս ամբողջի հանրագումարը  ստիպում է է մեզ պահանջել նրա հրաժարականը:

-Ինչո՞ւ  հենց հիմա որոշեցիք պահանջել Կաթողիկոսի հրաժարականը

-Առողջ քաղաքական մարմնում մենք դիկտատուրա ունենք, որը եղել է հին Հայաստանում՝ կլանային համակարգ, բռնապետի ճնշումները անխտիր բոլոր եպիսկոպոսների հանդեպ: Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տարբեր հեռուստաընկերություններին կաշառում, կապերն օգտագործում է, որպեսզի նրանք մեզ  չլուսաբանեն: Սա ևս  բնորոշ էր հին Հայաստանին: Մենք գիտակցում ենք, որ պետությունը կարող է չխառնվել հոգևոր հարցերի մեջ՝ ասելով, որ պետությունն ու եկեղեցին անջատ են: Մենք ևս այդպես ենք գտնում: Սակայն պետությունը գիտի խախտումների, ներմուծումների, հարկային արտոնությունների, ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված նրանց գործունեության մասին, և մենք ակնկալում ենք պետության աջակցությունը:

-Հոգևորականության շրջանում աջակցություն ունե՞ք

-Շատ մեծ աջակցություն ունենք հոգևորականների կողմից և միշտ կապի մեջ ենք հոգևականության հետ: Այս ամբողջ ինֆորմացիան հենց նրանցից էլ ստանում ենք: Եկեղեցու կանոն կա՝ Ազգային եկեղեցական ժողովը, Եպիսկոպոսաց ժողովը կամ Ներկայացուցչական ժողովը  պետք է ազդեցություն ունենան, որ Կաթողիկոսը հրաժարական տա և մեր պահանջը բոլոր թեմական առաջնորդներից եղել է այն, որ ատահերթ Եկեղեցական ժողով հրավիրվի  և արտահերթ քննվի համնապատասխանելիության հարցը, քանի որ այս Հայրապետը և ժողովուրդն իրար հետ առնչություն չունեն: Կաթողիկոսը ժողովրդինը չէ, այլ նախկին իշխանության անձանական Կաթողիկոսն է:

-Եղե՞լ են ներքին բանակցություններ, և որո՞նք են Ձեր հետագա քայլերը

-Եպիսկոպոսների հետ բանակցություններ ենք վարում և առաջիկա շաբաթ օրը էջմիածին քաղաքում ունենք հավաք, որտեղ փաստեր ենք հրապարակելու ժողովրդի, եպիսկոպոսների և իշխանության դատին: Կան փաստեր, որոնց միջոցով մեր պետության շահին դեմ գործեր են արվել: Մենք արդեն բազում վկայություններ ենք ներկայացրել, որ Կաթողիկոսը ընտանիք ունի, կեղծիքով է ընտրվել: Բացահայտումներ դեռ էլի են լինելու, շարունակելու ենք հանդիպումները թեմակալ առաջնորդների և եպիսկոպոսների հետ: Այս ճնշումներն այնքան ժամանակ են լինելու, մինչև Կաթողիկոսը հրաժարական տա: Դա անխուսափելի է:

-Ու՞մ եք տեսնում՝ փոխարինող Կաթողիկոս

-Հայ եկեղեցին ունի իր ընտրության կարգը: Կհրավիրվի համապատասխան Ազգային եկեղեցական ժողով, կընտրեն Կաթողիկոսին: Նա պետք է ընտրվի ոչ թե իշխանության կողմից՝ կաշառքի կամ պետական հովանավորչության միջոցով, այլ պետք է ընտրվի ժողովրդի կողմից, որ ծառայի ժողովրդին:

-Մենք գիտենք, որ Դուք նաև քաղաքական ակտիվիստ եք,  և Գյումրու մարզպետի թեկնածուներում Ձեր անունը կա: Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ

Քաղաքականությունը բավականին մեծ գործընթաց է: Մենք որևէ քաղաքական հավակնություն չունենք: Միշտ ասել ենք, որ ամեն ինչ պետք է բխի պետության և ժողովրդի շահերից: Եթե նման հնարավորություն կլինի, այդ ժամանակ, իրավիճակը գնահատելով, համապատասխան  որոշում կկայացնենք: Այս  պահին մեր օրակարգում Կաթողիկոսի հրաժարականի հարցն է, իսկ պետական կառավարման համակարգում մեր լուման մենք թիմային ենք պատրաստվում ներդնել, և դա պետք է բխի երկրի շահերից:

 

Արմինե Արմենակյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *