Օրը մի քանի հայտարարություն է անում, ի՞նչ է եղել որ, ջահել տղա է. Հրաչ Բերբերյան

timthumb (4)

Նոյեմբերի 2-ին մամուլի ասուլիս էր հրավիրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ներկայացրեց 2017թ. առաջին ինն ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն ու վիճակագրական տվյալները, անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը, մասնավորապես շեշտելով, որ այս ոլորտում աճ է նկատվում, թեեւ նույն ոլորտում համախառն արտադրանքի ծավալը նվազել է 9․9 տոկոսով։

«Օրը մի քանի հայտարարություն է անում, ի՞նչ է եղել որ, ջահել տղա է»,- ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի իրար հակասող վերոնշյալ հայտարարություններին՝ նման կերպ արձագանքեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Գյուղատնտեսության մասին խոսելը հիմա շուտ է։ Համենայն դեպս, տարին ծանր էր գյուղատնտեսության համար: Վարչապետի նշած աճը գուցե այնքան արագ է եղել, որ մեր միավորումը չի՞ նկատել: Նոյեմբերը, դեկտեմբերը մսի, կաթի արտադրության ամիսներ են, և կարծում եմ՝ այստեղ էլ բացասական արդյունք կունենանք, որովհետև անասնակերի խնդիր ունենք:

Զարմանալի է, թե ինչու է վարչապետը հիմա խոսում այդ մասին, քանի որ ցուցանիշները պարզ կլինեն դեկտեմբեր ամսին։ Ամփոփելու համար պետք է հաշվի առնել վերջին եռամսյակում խաղողի վաճառքը, կաթը, անասնապահությունը, մսամթերքը, և ի վերջո՝ աշնանացանը»,- նկատեց Բերբերյանը։

Մեր զրուցակիցը նկատել է, որ տարին անհաջող էր հատկապես կարտոֆիլագործության համար. «Այսօր փոխնախարարներից մեկը խեղկատակ հայտարարություն է արել՝ հայտարարելով, որ մեր կարտոֆիլը Վրաստան է արտահանվում։ Այդպիսի բան գոյություն չունի. այս տարվա բերքից ընդամենը 800 տոննա է գնացել Վրաստան, իսկ իրենց նշած ցուցանիշը եղել է նախորդ տարվա բերքից։ Հայտարարել է նաև, որ կարտոֆիլի գինը բարձրացել է նրա համար, քանի որ արտահանումներն են մեծացել»,- ասաց Բերբերյանը՝ ավելացնելով, որ նման հայտարարություններ անող մարդիկ իրենց բնագավառում տեղ չպետք է ունենան։

Խոսելով թանկացումների մասին՝ Բերբերյանը նշեց, որ բանջարեղենի գինն անցած տարվա համեմատ բարձր է, խաղողի որոշ տեսակներ ևս այս տարի թանկ էին։ Այս տարի ունենք խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում, որը կշարունակվի մինչև հաջորդ տարի։ Անասնակերն էլ անցած տարվա համեմատ թանկացել է 4-5 անգամ, ինչը կբերի խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթին, որն, անշուշտ, իր ազդեցությունը կունենա մսամթերքի ու կաթնամթերքի վրա։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *