«Ժամանակ». Կառավարության նոր փայատերը. Բաժնետերերի շրջանակը դեռ ամբողջական չէ

default-3«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում փետրվարի 1-ից մոտավորապես երկու դրամով կնվազի էլեկտրաէներգիայի գինը: Այդ մասին որոշումը կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այսպիսով, գազից հետո նվազում է նաեւ էլեկտրաէներգիայի գինը, ինչը նշանակում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնամուտից հետո, այսպես ասած, իր լուման բերում է ոչ միայն «Գազպրոմը», այլ նաեւ Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերն է:

Գազի եւ էլեկտրաէներգիայի գնի նվազեցումը գործնականում միակ շոշափելի ներդրումն է, իհարկե՝ ոչ ուղղակի, որ կատարվում է Կարեն Կարապետյանի կառավարության տնտեսական քիչ թե շատ կայուն հենք, միաժամանակ նաեւ քիչ թե շատ շոշափելի հասարակական քարոզչական էֆեկտ ապահովելու համար: Նվազեցվում են թե՛ բնակչության, թե՛ բյուջեի, թե՛ տնտեսվարողների ծախսերը, ինչը նվազագույնն է, որ թեկուզ դանդաղ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է Կարեն Կարապետյանին:

 Այսպիսով, աստիճանաբար ձեւավորվում է կարծես թե նոր կառավարության, այսպես ասած, բաժնետերերի շրջանակ՝ «Գազպրոմ» կամ «Գազպրոմ Արմենիա», ինչը գուցե հենց Կարեն Կարապետյանն է, Սամվել Կարապետյանը, նաեւ բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները, որոնք եւս կառավարության ձեւավորումից հետո մոտավորապես 15 տոկոսով նվազեցրել են գինը, եւ ինչպես օրերս վարչապետի հետ հանդիպմանը բենզինի խոշոր ներկրողներից Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց՝ աշխատում են առանց օգուտի, բայց դժգոհ չեն:

Ի դեպ, զարմանալի էր, որ Կարեն Կարապետյանը այդ կապակցությամբ կարծես թե ոչինչ չասաց, մինչդեռ պետք է որ մտահոգիչ լինի, եթե որեւէ տնտեսվարող գինը նվազեցնում է եւ աշխատում առանց օգուտի, որովհետեւ գինն ի վերջո տնտեսվարման ողջամիտ բաղադրիչներից մեկն է, եւ այն չպետք է լինի, իհարկե, ի վնաս սպառողի, սակայն միեւնույն ժամանակ նաեւ չպետք է լինի ի վնաս տնտեսվարողի: Բաժնետերերի ցանկն ըստ երեւույթին դեռեւս ամբողջական չէ եւ գտնվում է ձեւավորման փուլում:

Առավել հետաքրքրական է այն, թե որոնք են պայմանները, ինչ «գնով» են վաճառվում նոր կառավարության բաժնետոմսերը եւ ինչ տեսքով են դրանք արտահայտվում «ձեռք բերողների» համար: Դա ունենալու է քաղաքական իշխանության մեջ ներկայացվածությա՞ն տեսք, որ ստանում են նոր կառավարության «բաժնետերերը», թե՞ տնտեսական նոր քվոտաների: Թեեւ ավելի հավանական է շաղկապվածությունը, քանի որ Հայաստանում մեկը ենթադրում է մյուսի առկայությունը, եւ արժեքը ձեւավորվում է երկուստեք, երկուսը մեկում տարբերակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *