Արդյունավետ ներդրումային քաղաքականությունը՝ տնտեսության զարգացման երաշխիք

timthumb

Գաղտնիք չէ, որ անգամ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսության առջև ծառացած թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ ներդրումների ներգրավումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու խոչընդոտներ չկան: Գուցե համաձայնենք, որ խոչընդոտները վերացել են թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված նոր իրավիճակի շնորհիվ, սակայն արդյո՞ք դրան զուգահեռ ստեղծվել են համապատասխան պայմաններ և միջավայր, որոնք ներդրումների ներգրավման համար պարտադիր գործոններ են: Ներդրողները, որպես կանոն, սովոր են ստանդարտ խաղի կանոններին: Ստանդարտ խաղի կանոնները թելադրում են, որ պետք է ներդրում կատարել զարգացած ինստիտուտներով՝ ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրներում, այն երկրներում, որտեղ գործում է անկախ դատական համակարգ, այն երկրներում, որտեղ իրենց ներդրումը պաշտպանված է: Արդյո՞ք կառավարության ջանքերը՝ ուղղված այս պայմանների ձևավորմանը բավարար են: Թերևս՝ ոչ: Կառավարության ջանքերին զուգահեռ, անչափ կարևոր է նաև գործարարների անձնական օրինակը, որը կարող է ազդակ դառնալ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգի ներդրողների համար, վստահություն ներշնչել նրանց, որ Հայաստանի ներդրումային դաշտը զերծ է ռիսկերից:
Կառավարության գործադրած ջանքերին զուգահեռ՝ այս փուլում՝ ներդրումների ներգրավմանն ուղղված գործնական քայլերով է աչքի ընկնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով օրեցօր ավելի ֆունդամենտալ է դարձնում «տնտեսական հեղափոխության» անհրաժեշտության մասին իր հնչեցրած թեզը: Օրերս Ծառուկյանի հրավերով Հայաստան էր ժամանել Քուվեյթի թագաժառանգ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը: Վերլուծելով թագաժառանգի ու Ծառուկյանի գործնական ու ընկերական հարաբերությունները, որոնց առաջին գործնական ազդակը եղել էր դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ չենք սխալվի, եթե ասենք, որ նախատեսվում է լուրջ ու խոշորամաշտաբ ծրագիր։ Մասնավորապես, Քուվեյթի շեյխին ներկայացվել է մետաղների արտադրությամբ զբաղվող սիլիցիումի գործարանի կառուցման մանրամասները: Ծրագրի ավարտին ներդրումների ընդհանուր ծավալը կլինի մոտ 1 մլրդ դոլար, կստեղծվի շուրջ 3 հազար աշխատատեղ։ Սաբահ ընտանիքի ամենահայտնի անդամներից մեկը՝ Ալ Սաբահը Երևանում հավաստիացրել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ եղբայրության վրա հիմնված վստահությունը օգտագործվելու է ի շահ Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի բարեկամության: Ալ Սաբահի այցից օրեր առաջ էլ, կրկին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվեց հեղինակավոր ներդրումային ֆորում, որի արդյունքում ծնվեցին մի շարք կարևոր ներդրումային ծրագրեր:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է առաջին հերթին պետական մոտեցում, պետական կարգավորումներ և համապատասխան վստահության մթնոլորտի ձևավորում՝ պետական մակարդակով: Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան պետք է լրջագույն ջանքեր գործադրի՝ աշխահաքաղաքական նման կացության մեջ հայտնված երկրում ներդրումներ ներգրավելու համար, առաջարկի փաթեթներ, արտոնություններ՝  նույն հարկային ամնիստիան կամ առնվազն՝ հարկային արձակուրդը, օրենսդրական կայուն երաշխիքներ, բարենպաստ գործարար միջավայր եւ կանխատեսելի գործընթացներ: Թե՛ ներդրումների ներգրավման, խրախուսման, թե՛ դրանց պաշտպանության համար միանշանակ պետական երաշխիքներ են անհրաժեշտ: Հենց այս՝ դեռևս բաց մնացած խնդիրներն են, որ օր առաջ պետք է լուծում ստանան կառավարության կողմից…
Ս.Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *