Է՛, հետո՞, կրակն ընկա՞նք…

հաբ

Ամեն տարի, երբ գալիս է բերքահավաքի ժամանակը, տարվա ճիշտ այն պահը, երբ հայ գյուղացին պետք է վայելի իր բազմաչարչար աշխատանքի պտուղները, ցավալիորեն կանգնում է փաստի առաջ՝ չկարողանալով իրացնել ստացած բերքն ու ստիպված լինելով «ջրի գնով» ցիրուցան անելու իր ողջ ապրուստը. այս տարին ևս բացառություն չեղավ:

Բանից պարզվում է՝ մեր երկրում լրջագույն խնդիր է դարձել ոչ միայն ասենք վարունգի կամ կաղամբի իրացման հարցը, որպիսին ականատես էինք անցած տարի, երբ մարդիկ ողջ բերքը ստիպված առուներն էին լցնում, այլև, որ կարող է խիստ տարօրինակ հնչել, վաղահաս կարտոֆիլի: Իսկ ստեղծված անհեթեթ իրավիճակի պատճառն այն է, որ2016-ի առաջին մի քանի ամիսներին երկիր է ներկրվել որպես սննդամթերք սպառման համար նախատեսված 3.5 հազ. տոննայից ավել կարտոֆիլ, ինչի պատճառով էլ խիստ ընկել է տեղական կարտոֆիլի շուկայական արժեքն, ու հայ գյուղացիները հսկայական կորուստներ են ունեցել:

Այստեղ հետաքրքրականն այն է, որ, պարզվում է, կարտոֆիլ երկիր է ներմուծվել ոչ միայն ասենք ԵՏՄ անդամ Ռուսաստանից, որի հետ մեր առևտրատնտեսական հարաբերությունների խորությունը հայտնի է բոլորին, այլև՝ ասենք Եգիպտոսից՝ մոտ 900 տոննայի չափով. իմա՞ստը…

Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է այն, երբ պետությունը, ելնելով սեփական պահանջմունքներից, ներքին շուկայի պահանջներից, նաև, ինչու ոչ, բնակչության սոցիալական վիճակից, փորձում է կանոնակարգել, կառավարել երկիր ներմուծվող ապրանքների թե՛ ապրանքացանկը, թե՛ քանակությունը, թե՛ որակը, ինչը, սակայն, մեզանում պրակտիկորեն չի արվում. չգիտես՝ ինչու, մեր կառավարությունն այս հարցում մշտապես ծայրահեղ լիբերալ մոտեցում է ցուցաբերել՝ հաշվի չառնելով այն օբյեկտիվ պատճառները, որոնք պետք է ստիպեին համապատասխան չինովնիկներին խիստ վերահսկողություն սահմանել ներկրվող ապրանքների վրա:

Հիմա մեզ կարո՞ղ է Սերգո Կարապետյանը կամ Հովիկ Աբրահամյանը, որոնք, ի դեպ, ասում են, թունդ քեֆի մեջ են եղել օրերս՝ նշելով Կարապետյանի 68-ամյակը, բացատրել, թե հատկապես ո՞րն է արտերկրից կարտոֆիլ ներմուծելու բուն իմաստն այն պարագայում, երբ հայ գյուղացին միանգամայն ունակ է՝ գրեթե 100%-ով բավարարելու ներքին պահանջարկը: Կամ, եթե այդքան մեծ սիրահար են «իմպրտնի» ապրանքի, թո՛ղ գոնե որոշակի լիմիտ սահմանեն՝ նման անհեթեթ իրավիճակներից խուսափելու համար: Թե չէ, ստացվում է՝ մարդիկ գիշերը ցերեկ արած աշխատում են, տքնում, վարկերի տակ մտնում, վերջում էլ տանում բերքը թափում գետերն ու առուները՝ կրելով թե՛ նյութական, թե՛ բարոյական անդառնալի կորուստներ:

Կերած-խմածներդ անուշ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *