Պլեխանովյան ընթերցումներ՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով

timthumb (3)

2018 թ. մայիսի 11-ին Գ․Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ «Պլեխանովյան ընթերցումներ» խորագրով հերթական միջոցառումը, որն այս անգամ նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմին։

Միջոցառմանը հրավիրված բանախոս, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը, ով 8 տարի շարունակ եղել է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն, հանդես եկավ «Հայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին» զեկույցով։

Զեկուցողը նախ հակիրճ խոսեց Մեծ Հայրենականին Հայության ունեցած ներդրումների մասին՝ քանակական և որակական տեսակետից, հետո առանձին անդրադարձ կատարեց մեր պապերի կողմից մարտերի ընթացքում ցուցաբերած բազում սխրանքներին, հատուկ ընդգծեց, որ ԽՍՀՄ մյուս ազգերի համեմատ հայերն աչքի ընկան նաև կամավոր մասնակցության զգալի ծավալներով։

ՀՄՊ-ում մասնակցել է շուրջ 600 000 հայ, որոնցից երկուսին՝ Համազասպ Բաբաջանյանին ևՀովհաննես Բաղրամյանին հետագայում շնորհվել է մարշալի բարձրագույն կոչում։ Ունեցել ենք ավելի քան 160 գեներալ, 6 ազգային դիվիզիա, որոնցից 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան Բեռլին մտած միակ ազգային դիվիզիան էր։ Միջոցառմանը հնչեցին նաև այն հերոսների անունները, ովքեր հսկայական ավանդ ունեցան վճռորոշ Ստալինգրադի ճակատամարտում, Կիևի պաշտպանությանն ու ազատագրությանը, Ղրիմում և այլուր։ Ինչպես նշեց խոսնակը, «հայերն աչքի են ընկել բոլոր ճակատներում»:

ՌՏՀ  Երևանյան մասնաճյուղի տնօրեն, պ. գ. թ. Թամարա Վարդանյանը նույնպես ընդգծեց Հայրենական պատերազմի մասին սերունդներին հիշողության փոխանցման կարևորությունը, խոսեց նաև ներկայումս պատերազմի հերոսական էջերի նսեմացման, խեղաթյուրման միտումների մասին։ Խոսվեց ժամանակակից տեղեկատվական հասարակության առանձնահատկություններից, որոնցից են տեղեկույթի ահռելի հոսքը և այդ իրավիճակում անհատի ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը։

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը «Հիշում և հարգում ենք մեր հայրերի և պապերի հիշատակը» շարադրության մրցույթին մասնակցած ուսանողների  լավագույն աշխատանքները պարգևատրեց պատվոգրերով։

Վերջում ուսանողներն իրենց շնորհակալության խոսքն ասեցին իրենց պապերին ու նախապապերին ՀՄՊ հաղթանակում ունեցած մեծ ավանդի, նրանց կատարած անմոռաց սխրանքների համար։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *