Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը մասնակցեց «Կրթություն և կարիերա Expo 2018»-ին

Capture

Ապրիլի 11-ից Երևանում մեկնարկեց «Կրթություն և կարիերա Expo 2018» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 13-ը:

Եռօրյա EXPO-ի շրջանակներում իրենց առաջարկներն են ներկայացնում շուրջ 70 բուհ: Այս հնարավորության շնորհիվ դպրոցականները և առհասարակ կրթությամբ հետաքրքրված անձինք կկարողանան ուսումնասիրել համալսարանների կրթական առաջարկները և որոշում կայացնել, թե որտեղ են նպատակահարմար գտնում ուսանել:

EXPO-ին իր մասնակցությունն էր ցուցաբերել նաև Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը և բուհերի ակտիվ մասնակցությունը դրանց:

«Էքսպոյին մասնակցությունը շատ եմ կարևորում, քանի որ մեծ թվով դպրոցականներ են այցելում տաղավարներ՝ ծանոթանալու, տեղում մանրամասնելու եղած առաջարկները: Նրանց հետաքրքրում է հատկապես աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտական ուղղությունների առկայությունը և ուսման վարձի չափը։ Մեզ մոտ ընդունելությունը կազմակերպվում է «Տնտեսագիտություն», «Կառավարում» և «Կիրառական ինֆորմատիկա» ուղղություններով։ Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա այն բավականին մատչելի է, միաժամանակ՝ լավագույնները, շնորհիվ բարերարների, ստանում են կրթաթոշակ»:

Թամարա Վարդանյանի խոսքով՝ Գ․Վ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը ռուսաստանյան առաջատար բուհերից է, որն անխափան ուսումնական գործընթաց է իրականացնում՝ սկսած 1907 թվականից մինչ օրս: Այն ունի 22 մասնաճյուղ տարբեր երկրներում, սակայն երևանյան մասնաճյուղը միակն է ամբողջ տարածաշրջանում։

«Նաև դա է պատճառը, որ մեր մասնաճյուղում ուսանում են հետխորհրդային երկրների մեծ թվով քաղաքացիներ: Մեզ մոտ ներկայում ուսանում են 500-ից ավել ուսանողներ, որոնց մեծ մասը մեր հայրենակիցներն են, ովքեր Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ղազախստանից՝ ստանալու մեզ մոտ որակյալ կրթություն:  Ես, որպես տնօրեն, կարևորում եմ այս հանգամանքը. մենք, փաստացի, իրականացնում ենք հայրենադարձություն՝ մեր հայրենակիցները գալիս են հայրենիք՝ կրթություն ստանալու, իսկ ոմանք նաև այնքան են հրապուրվում Հայաստանով, որ ավարտելուց հետո տեղավորվում են աշխատանքի հայրենիքում և հիմնովին վերահաստատվում այստեղ:

Այս տարի մեզ մոտ մեկնարկելու է նաև «Ճանաչի՛ր հայրենիքդ» նախագիծը, որի շրջանակներում մեզ մոտ ընդունված առաջին կուրսի ուսանողների համար կազմակերպելու ենք ճանաչողական այցեր՝ Հայաստանի տեսարժան վայրեր։ Մենք երբեմն կատակով նշում ենք, որ, փաստորեն, իրականացնում ենք Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը` ավելի լայնածավալ և երկարատև կտրվածքով, քանի որ մեր ուսանողները 4 կամ 7 տարի հնարավորություն են ունենում վայելել Հայրենիքում ապրելու բերկրանքը»,- ասաց Թամարա Վարդանյանը:

Նա նշեց, որ իրենց մոտ գործում է նաև տարածաշրջանի միակ ռուսական քոլեջը, որը տալիս է ռուսական պետական դիպլոմ. «Ունենք նոր մտահղացումներ ևս. մեկնարկել է մագիստրոսական ծրագրերի լիցենզավորման գործընթաց, բանակցում ենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հետ, որպեսզի հիմնենք ռոբոտաշինության խումբ` քոլեջի կիրառական ինֆորմատիկայի սաների համար և այլն»,-ասաց Թամարա Վարդանյանը։

Վերջում Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրենը հաջողություն մաղթեց Հայաստանի և Արցախի 2017/2018 թթ. ուսումնական տարվա բոլոր շրջանավարտներին և հույս հայտնեց, որ վերջիններս կնախընտրեն հայաստանյան բուհերը` իրենց հետագա ուսումը շարունակելու համար։

 

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *