Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը և Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելել է կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորել են «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո:

Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվել են եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծել են եկեղեցու հիմքերի քարերը, աղոթել կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է բերել ներկաներին։