Բանակում չծառայած բոլոր պատգամավորները և պաշտոնյաները պետք է անհապաղ զորակոչվեն առաջնագիծ. Արման Վարդանյան

timthumb (8)

Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի ԲՈւՀ-երում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է: Սա մեծ քննարկումների, բողոքների, դեմ և կողմ տեսակետների բախման առիթ դարձավ:

Ակադեմիական տարկետման իրավունքն ըստ էության վերացնելը դժգոհություններ է առաջացրել շատ ուսանողների մոտ. կազմակերպվում են դասադուլներ, անգամ դասախոսներ են պայքարին միացել: Հարցի շուրջ past.am-ը զրուցեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հետ, ով՝ հիշեցնենք՝ առաջարկել էր անցնել կիսապրոֆեսիոնալ բանակի, իսկ առաջնագծում կանգնեցնել ոչ թե 18 տարեկան նորակոչիկներին, այլ՝ պրոֆեսիոնալների:

-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում այս օրերին ուսանողների կողմից  կազմակերպած դասադուլին, որով նրանք իրենց բողոքն են արտահայտում ակադեմիական տարկետումը վերացնելու դեմ և պահանջում չեղարկել համպատասխան օրինագիծը:

-Իմ կարծիքով՝ սա ոչ թե ծառայել-չծառայելու հարց է, այլ սոցիալական արդարության վերականգնման խնդիր: Երիտասարդությունն առաջինն է որոշել չհամակերպվել դրա հետ, և հուսով եմ, որ այս շարժումը կհաղթանակի և կտարածվի բոլոր ոլորտներում: Սա իրական սերնդափոխության հիմք կարող է դառնալ, իսկ սերնդափոխության անհրաժեշտության մասին ես բազմիցս խոսել եմ: Կարծում եմ՝ պետք է վերջ դրվի կոմսոմոլական և օլիգարխիկ ժառանգականությանը, ու Հայաստանի էլիտան պետք է դառնա երկիրը սիրող ինտելեկտուալ նոր սերունդը:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք, փաստորեն, պաշտպանում եք երիտասարդների թեզը, այդ դեպքում՝ ովքե՞ր պետք է ծառայեն բանակում, մեզ ապրիլը ցույց տվեց, որ բանակում խնդիրներ շատ կան՝ ներառյալ մարդկային ռեսուրսների պակասը:

— Ազգային ժողովն անհապաղ պետք է օրենք ընդունի, որով մինչև 45 տարեկան բոլոր չծառայած պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախարարից սկսած՝ մինչև վարչության պետեր, պետք է անցնեն պարտադիր զինվորական պատրաստության 6 ամսյա դասեր Արցախի Հանրապետությունում, մասնավորապես, առաջնագծում: ԱԺ-ն պետք է ընդլայնի պաշտոնների ցուցակը, որոնք զբաղեցնողները պարտադիր պահանջով պետք է ծառայություն կամ այդ 6-ամսյա կուրսն անցած լինեն:

Դա է այս պահին մեր պատերազմող երկրի հրամայականը:  Այս մեխանիզմի ստեղծման միջոցով՝1-2 տարվա բացը, որը ցանկանում են լրացնել տարկետումը հանելով, կլրացվի «փորձառու և բանիմաց» կադրերով:

Դրանով ամբողջովին կվերանա սոցիալական անարդարության այն ճեղքը, որն այսօր առկա է, կլուծվի բանակում եղած մարդկային ռեսուրսի դեֆիցիտի խնդիրը, և հնարավոր կդառնա պահպանել տարկետման իրավունքը:

Երբ որոշում կայացնողներին կանգնեցնեն առաջնագծում, նրանք ավելի սրտացավ կդառնան Արցախի նկատմամբ, իրենց կզգան այդ հող ու ջրի մի մասը և առավել հոգատար կլինեն: Սա առիթ ու լավ հնարավորություն կլինի բարձր պաշտոններ զբաղեցնողներին տաք գրասենյակների կաշեպատ բազկաթոռներից վեր հանելու և գոնե կրակել սովորեցնելու, և, ի վերջո, նրանք էլ երկրի առջև պարտքը կատարած տղամարդ կզգան իրենց:

Պարո՛ն Վարդանյան, այս նախագծի թե՛ դեմ, և թե՛ կողմ արտահայտվողների մեջ կան մարդիկ, ովքեր չեն ծառայել, բայց ԱԺ ամբիոնից հնչեղ ելույթներ են ունենում, սկսել ենք չտարբերակել՝ ո՞վ է ծառայել, ով՝ ոչ: Դուք ծառայե՞լ եք:

-Այո՛, ծառայել եմ: Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո որպես շարքային զորակոչվել եմ հայոց բանակ և իմ պարտքն եմ կատարել հայրենիքի նկատմամբ, այժմ ունեմ պահեստազորի լեյտենանտի կոչում: Եվ չնայած այն բանին, որ ես արդեն ծառայել եմ հայոց բանակում, հիմա էլ պատրաստ եմ այդ օրենքն ընդունվելուն պես՝ բոլորի հետ գնալ առաջնագիծ և իմ օրինակով ոգևորել անգամ այն պատգամավորներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր հոգեպես պատրաստ չեն այդ քայլին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *