10.000 դրամ, 0.5 լիտրանոց օղի, կոնյակ և ձեռքի ափի չափով չիր. ՊԵԿ-ի ցածր օղակի աշխատակիցների պարգևը

timthumb (1)

Վերջին շաբաթների ընթացքում բացահայտված պարգևատրումներից թերևս ամենաաղմկահարույցը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեինն էր. մեկ անձի համար մինչև 9 մլն 60.000 դրամ պարգեւատրումը շատերի զարմանքն ու զայրույթն առաջացրեց: Ի դեպ՝ ստացողը եղել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ 8 մլն 55.000 դրամով է պարգեւատրվել:

Թեմայի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ տվել է ՊԵԿ նախագահը, նախ չհերքելով պարգևատրումների լուրն, այնուհետև հավելելով, որ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները՝ իրենից սկսած՝ մինչև տեսուչ և հավաքարար. «ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի»,- այս մասին հայտարարել է նույն ինքը՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Այս ամենով հանդերձ, ՊԵԿ նախագահը չի նշել, թե որքան գումար են ստացել ցածր օղակի աշխատողները: Առաջին հայացքից ենթադրելի է դառնում, որ, եթե բարձր օղակի ներկայացուցիչները միչև 9 մլն պարգև են ստացել, ապա մյուսները գոնե խելամիտ թիվ ստացած կլինեն: Բայց դա միայն ենթադրություն է:

ԼՈՒՐԵՐ.com-ը ՊԵԿ-ի մի քանի  աշխատակիցներից տեղեկացավ, որ պատկերն իրականում բոլորվին այլ է, և միայն ամենաբարձր օղակի ներկայացուցիչներն են իրենց «մարդ զգացել»: Պարզվում է, որ Դավիթ Անանյանի՝ մյուս աշխատակիցների պարգևատրումների վերաբերյալ արած հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, սակայն արձանագրենք, որ ցածր օղակի ներկացուցիչները, որոնք եթե ոչ ամենակարևոր, ապա շատ կարևոր աշխատանքներ են կատարում, ստացել են 10.000-ական դրամներ, մեկական 0.5 լիտրանոց օղի և կոնյակ (անվանումը չենք նշում՝ գովազդ չդիտարկելու համար) և ձեռքի ափի չափով չիր:

ՊԵԿ-ի մեր զրուցակիցները, թե այդ դեպքում Անանյանի նշած հավաքարարները որքա՞ն են պարգևատրվել, պատասխանեցին. «Դե, եթե մենք 10.000 դրամ ենք ստացել խմիչքների ու չրի հետ, նրանք էլ՝ երևի մի 2000 դրամ»:

Ստացվում է, որ «շատ ավելի մեծ պարգևատրումների ֆոնդ ունեցող» ՊԵԿ-ի մի քանի ամսվա աշխատողները միլիոններ են ստացել պարգևատրումների ֆոնի ներքո, իսկ տարիներ շարունակ նույն համակարգի ներսում աշխատողները՝ 10.000-ական դրամներ:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *