100 հազարի հույսին մնացած պատգամավորի իդեալը…

timthumb

Օրերս ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Վանիկ Ավետիսյանը բոլորիս բարի լուր ավետեց, շուտով նա կսկսի վերագործարկել Սպիտակում գտնվող տրիկոտաժի իր ֆաբրիկան: Ուշագրավն այն է, որ պատգամավորը ոչ միայն չի հերքում իր՝ բիզնես ունենալու մասին տեղեկությունը, դեռ մի բան էլ պարծենում է, որ շուտով լծվելու է իր ֆաբրիկայի վերագործարկման սուրբ պարտականությանը: Իհարկե, պատգամավորական պարտականությունները կսպասեն, չէ՞ որ դրանք բնավ էլ առաջնային չեն ու երբեք էլ չեն եղել: ի դեպ, Վանիկ Ասատրյանն այն պատգամավորների թվում էր, ովքեր դիմել էին ԱԺ՝ բնակարանի վարձակալության համար 100 հազար դրամ ստանալու խնդրանքով: Կարելի է ենթադրել, որ գործարար Ասատրյանի բիզնեսն այնքան էլ բեղմնավոր չէ, և դա է պատճառը, որ վերջինիս բնակարանային խնդիրը պետք է լուծվի հարկատուների հաշվին: Ի դեպ, լրագրողները փորձեցին ճշտել Ասատրյանից՝ արդյո՞ք իր գործին չի խփելու մեկ այլ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի տրիկոտաժի բիզնեսը: Բանից պարզվում է՝ Ասատրյանը Ալեքսանյանին ոչ միայն մրցակից չի համարում, այլ նաև հիացած է վերջինիս բիզնես մտածողությամբ ու բիզնես ջիղով: «Ինչո՞ւ եք նրա անունը շեշտում միայն, կա նաև Կարի ֆաբրիկան Ես էնքան ուրախ եմ, որ Սամվել Ալեքսանյանը հաջողակ բիզնեսմեն է։ Էդ հաջողությունից թող մի քիչ էլ իմ վրա ընկնի։ Եկեղեցու խունկն էլ է հատնում։ Մարդը և սև «պալասա» է ունենում և սպիտակ, ոչ մեկ թող չպածենա, որ անընդհատ պետք է սպիտակ «պալասայով» գնա»- ասում է Ասատրյանը:
Հասել ենք մի օրի, երբ հաջողակ բիզնեսմենի իդեալ է հանդիսանում մի մարդ, ում անունը դարձել է մենաշնորհ բառի հոմանիշը: Ինչ խոսք, ոլորտներն իրենով անելով, փոքրերին շուկայից դուրս մղելով, նոր խաղացողներին ահաբեկելով՝ բոլորն էլ կարող են հաջող բիզնեսմեն դառնալ: Բայց մի՞թե դա է հաջողության բանաձևը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ այս սպիտակ «պալասաները» մեր երկրում ինչպես են հատվում: Բայց, փոխարենը այդ գործելաոճը քննադատության արժանանա, դեռ մի բան էլ իդեալականացվում է: Գուցե հենց այդ հիվանդագին մոտեցո՞ւմն է պատճառը, որ Հայաստանը տնտեսապես դոփում է նույն տեղում, իսկ բիզնեսի համար տարեցտարի ավելի ու ավելի անհրապույր ենք դառնում: Ոչինչ, կարևորը ներքին օլիգարխիան բողոքելու առիթ չունի, մենաշնորհի ու կոռուպցիայի համար էլ՝ սպիտակ պալասան թռիչքուղի է…
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *