Հարկային տեսուչն իր օրինազանցությունների համար կենթարկվի՞ իրավաչափ պատասխանատվության

0«Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էինք կատարել Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանին, ով, լինելով հարկային տեսուչ, ապօրինի գործունեություն էր իրականացրել՝ պետությունից չարամտորեն թաքցնելով հարկերը։Հրապարակումից օրեր անց, ՀՀ ՊԵԿ-ում նշանակվեց ծառայողական քննություն։ Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ այսօր՝ հունիսի 6-ին, Վաչե Թանգյանին հրավիրել են Պետական եկամուտների կոմիտե՝ ծառայողական քննության արդյունքներն ամփոփելու։ Ինչպես և խոստացել էինք, մեր բարձրացրած խնդրին հետամուտ ենք լինելու և այն ներկայացնելու ենք մինչև վերջ։

Մեր նախորդ հրապարակման ժամանակ խոսել էինք այն մասին, որ հարկային տեսուչի նման գործելաոճը պետք է արժանանա իրավաչափ պատասխանատվության՝ ենթադրում ենք այսքանից հետո ամենաքիչն աշխատանքից կազատեն և, բնականաբար, ոչ մի հովանավորչություն իզորու չի լինի այս գործը գրավոր նկատողությունով կամ այլ տարբերակով գլուխ բերել։

Սակայն պետք է չմոռանալ, որ Հայաստանում հովանավորչությունը կոռուպցիայի ամենատարածված ձևերից մեկն է։ Այս դեպքում էլ զերծ չենք հովանավորչությունից։ Վաչե Թանգյանին հովանավորող մարդիկ ևս օրենքով սահմանված ամենախիստ պատիժները պետք է ստանան։ Այնուամենայնիվ, ուզում ենք գործի հետ կապված մի քանի նրբություններ շեշտել։

Հրապարակման հիմնական պատճառներից մեկն էլ սիսիանցիների մոտ տարածված այն մտահոգությունն է, թե այս հարկային տեսուչը բավական լուրջ հովանավորներ ունի և ինչ էլ լինի, թույլ չեն տա իրավաչափ պատասխանատվության ենթարկել։

Ենթադրենք, Վաչե Թանգյանի հովանավորները հասնում են իրենց նպատակին և գրավոր նկատողությամբ հարցը փակվում է։ Արդյո՞ք դա մեծ հարված չի լինի հարկային ծառայությանը և ծառայության ղեկավարին։ Արդյոք, դա չի նշանակի, որ Թանգյանի գործը կարող է նախադեպ լինել այն առումով, որ ցանկացած հարկային տեսուչ, ով ունի լավ հովանավորներ, կարող է նման ապօրինություններ կատարել և իրեն համարել օրենքի մարդ։ Արդյո՞ք դա չի ապացուցի հասարակության մեջ կարծրացած այն մոտեցումները, թե «ինչ էլ անեք, բան չի փոխվելու, իրենք ինչ ուզեն կանեն»։ Արդյո՞ք դա չի խորացնի առանց այն էլ հարկային մարմինների նկատմամբ եղած անվստահությունը և բացասական վերաբերմունքը։ Արդյո՞ք դա չի ապացուցի, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում կրում է ձևական բնույթ։ Այս արդյոքների շարքը կարելի է անվերջ շարունակել։

Եվ հետո։ Հիմնականում գրավոր նկատողություն տալիս են այն հարկային ծառայողներին, ովքեր մասնագիտական ոչ ճիշտ վարքագիծ են դրսևորել կամ ստուգման ժամանակ չեն պահպանել իրենց պարտականությունները կամ չեն ապահովել իրենց առաջադրած հավաքագրման ցուցանիշները և այլ նմանատիպ դեպքերում։

Սակայն, այս դեպքում խոսքը այնպիսի օրինազանցությունների մասին է, որոնց թույլ տալու դեպքում հարկային ծառայողը ոչ միայն պետք է հեռացվի համակարգից, այլ նաև պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Չէ որ կոռուպցիան քրեորեն պատժելի արարք է։

Հարկային տեսուչի այս ապօրինությունների օրինակը շատ լավ առիթ է, որպեսզի պետական այնպիսի հզոր կառույցը, ինչպիսին է ՊԵԿ-ը, ապացուցի հանրությանը, որ համակարգում կոռումպացվածներն անելիք չունեն: Սա շատ լավ առիթ է, որպեսզի այսուհետ հարկային համակարգ ընդունվող ցանկացած անձ քաջ գիտակցի և աչքի առաջ ունենա, որ աշխատանքի ընդունվելով ոչ թե իր համար ստեղծում է «տանիք», այլ պարտավորվում է, եթե ոչ այդ «տանիքների» դեմ պայքարել, գոնե չհամալրել օրինազանցների շարքերը և պահպանել օրենքի տառը։

Հարկային տեսուչի պաշտոնը նրա համար չէ, որ հարկ վճարողներին ճնշելով, «զարգացնել» սեփական բիզնեսը։ Այդ պաշտոնը նրա համար չէ, որ հնարավորություն ընձեռնվի աշխատել առանց հարկեր վճարելու, առանց տուգանքներ մուծելու՝ կեղծ սնանկություն կազմակերպելով։ Այդ պաշտոնը նրա համար է, որպեսզի ծառայի ժողովրդին ու պետությանը, իսկ ծառայողը՝ ձեռք բերի մասնագիտական հմտություններ ու ապահովի իր ծառայողական առաջխաղացումը:

Եվ վերջում, մենք վստահ ենք, որ ՊԵԿ նախագահը օբյեկտիվ որոշում կկայացնի, իհարկե, եթե ստորին օղակները չփորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել՝ փորձելով փրկել երիտասարդին։ Եվ իհարկե, գործի օբյեկտիվ ու անաչառ ընթացքի համար շատ կարևոր է ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի արդար եզրակացությունը։ Սպասենք նիստի ավարտին և որոշման հրապարակմանը։

Քրիստինա Աղալարյան

LURER.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *