Մոսկվայում խուճապ է…

Merkel_Putin_laugh.Reuters

Անդրկովկասի ու, մասնավորապես, Հայաստանի շուրջ ընթացող միջազգային զարգացումները նոր թափ են հավաքում: Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն ու այդ երկրի կողմից տասնամյակների «լռության ուխտի» խախտումը, որ Թուրքիայի համար ունեցավ պարզ երկնքում ահավոր ամպրոպի ազդեցություն, եկավ ցույց տալու, որ, որքան էլ ոմանց թվար, թե Հայատանն այն երկիրը չէ, որ կարող է մթնոլորտ փոխել ու անգամ հետամուտ լինել սեփական կենսական շահերին, այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում, երբ գերտերությունների համար ամեն մի միլիմետր հողը հայտարարվում է ստրատեգիական շահերի գոտի, մեր երկիրը շարունակում է հետաքրքրել աշխարհի ուժային կենտրոններին, որոնք, ելնելով սեփական շահերից, ասպարեզ են հանում հայկական խաղաքարտը:

Հունիսի 2-ին Մոսկվայում’ Միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող քննարկման ժամանակ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, որ իր անձով հայ-ռուսական բարեկամության յուրատեսակ խորհրդանիշ է հանդիսանում, անդրադառնալով արցախյան խնդրին, բառացիորեն ասել էր հետևյալը. «Գլխավորը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են, և բոլոր զարգացումների դեպքում Ռուսաստանը լինելու է Հայաստանի կողքին»: Ինչպես կարելի է նկատել վերջերս տեղի ունեցող իրադարձություններից ու այլևայլ ռուս պաշտոնյաների հայտարարություններից, Մոսկվան, որ, եթե անկեղծ լինենք, ուխտադրուժ վարք ցուցաբերեց հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի օրերին ու միտումնավոր «աչք փակեց» Ալիևի ոտնձգության վրա, հետզհետե սկսում է հասկանալ, որ, ինչպես ժողովուրդն է ասում, Ալիևն իրեն ումուդ չէ, իսկ առևտրի առարկա դարձնելով հայ-ռուսական հարաբերությունները բեղավորի հետ շփումներում’ ուշ թե շուտ կանգնելու է տարածաշրջանը կորցնելու վտանգի առաջ. Մոսկվան ուշիուշով հետևում է թուրք-ադրբեջնական հարաբերություններում տեղի ունեցող ջերմացման պրոցեսին ու շատ լավ գիտակցում, որ «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսը ո՛չ Անկարայում, ո՛չ էլ Բաքվում տեսանելի ապագայում ոչ ոք չի պատրաստվում չեղարկել, մանավանդ որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքու կատարած իր այցի ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել է, թե երկու երկրներին միավորում են ընդհանուր արժեքներ, և ոչ ոք չի կարող վնասել այդ բարեկամությանն ու եղբայրությանը. թե ում էր ուղղված այս տեքստը, Մոսկվայում հրաշալիորեն հասկանում են:

Բայց Ռիժկովի’ հայերիս սեր խոստովանելու գլխավոր դրդապատճառներն այսքանով չեն սահմանափակվում. Կրեմլում գիտակցում են, որ Արևմուտքը սեփական օրակարգից ամենևին էլ չի հանել հայ-թուրքական հաշտեցման պլանը, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից հույս հայտնելը, թե հայ-թուրքական հարաբերություններն, այնուամենայնիվ, կկարգավորվեն, խոսում է այն մասին, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության հարցի ճանաչումը ոչ միայն նպատակ ուներ թուրքերին իրենց տեղը ցույց տալու, այլև յուրօրինակ կոչ էր Անկարային’ «քարը փեշից թափել» ու գնալ Հայաստանի հետ երկխոսության. Վաշինգտոնում կա այն բանի հստակ գիտակցումը, որ այդ հարաբերությունների մերօրյա բնույթն ամենևին էլ հայկական կողմի մեղքով չէ, և որ տարածաշրջանում ԱՄՆ հեգեմոնիայի հաստատման հիմնական խոչընդոտ հանդիսանում են հենց հայ-թուրքական չեղած հարաբերությունները: Կրեմլում ևս, ուր ամենևին էլ հիմարներ չեն նստած, հրաշալիորեն հասկանում են, որ սահմանի բացման դեպքում իրենց զինվորական բազան այստեղ ավելորդ է դառնալու, ու ՌԴ-ն այլևս մանևրելու տեղ չի ունենալու. կանգնելու է Անդրկովկասը կորցնելու փաստի առաջ, ուստի’ Մոսկվան փորձում է կրկին ասպարեզ իջեցնել հայ-ռուսական եղբայրության մասին ասքը’ հույսով, որ կհաջողվի վերականգնել մինչպատերազմական փոխվստահության մթնոլորտը’ երկու երկրների միջև. Անդրանիկ Նիկողոսյանի’ Կիսիլյովի միջնորդությամբ Մոսկվայի օկրուգում 10 միլիոնանոց բիզնես հիմնելն էլ ձեզ’ այս ամենին վառ ապացույց…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

LURER.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *