Ոչ մի թիզ հող` թշնամուն

samvel-babayan-600x312

Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձություններից մեկն, անշո՛ւշտ, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձն էր հայրենիք: Ու չնայած՝ այս կապակցությամբ մամուլում հնչած մեկնաբանություններն ու այս թեմային կատարած անդրադարձերն այնքան էլ շատ չէին, իսկ նրա վերադարձն այնքան էլ շռնդալից չստացվեց (Բաբայանին բնորոշ չէ շոուներ բեմադրելը), սակայն թերագնահատել մեծ ռազմական գործչի’ հայրենիքի համար վճռորոշ այս պահին Հայաստան վերադարձն ու պատրաստակամությունը’ սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու դրա պաշտպանության գործում, ոչ մի կերպ չի կարելի:

Պատերազմի «շունչը մեր ծոծրակներին» է, իսկ Սամվել Բաբայանի պես մարդկանց ներկայությունը միայն ոգևորող ու ազգը մեկ նպատակի շուրջ համախմբող նշանակություն կարող է ունենալ, ինչի շնորհիվ է միայն հնարավոր դառնալու ապագայի պատերազմում մեր վերջնական հաղթանակը:

Այն, որ Հայաստանում քառօրյա պատերազմից հետո միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել, փաստ է. փոփոխություններ են ընթանում թե՛ պաշտպանական ոլորտում, թե՛ երկրի պետական կառավարման համակարգում, փորձ է արվում հնարավորինս արագ տեմպերով մոբիլիզացնել մեր ներքին ռեսուրսներն ու պատրաստ լինել Ադրբեջանի առաջիկա ագրեսիային, ինչը, ինչպես փաստում են մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ, ամենևին էլ «յոթ սարի հետևում չէ»: Բայց որքան էլ ցավալի կարող է հնչել, ստացվել է այնպես, որ ոմանց կողմից, չգիտես’ ի՞նչ հաշվարկներից ելնելով, փորձ է արվում հասարակությունը վարակել պարտվողականության ժանտով ու ազգաբնակչությանը համոզել, թե եթե ուզում ենք խուսափել անհաղթահարելի փորձությունից, ուրեմն՝ պարտավոր ենք լինելու տարածքներ զիջել թշնամուն ու, իբր, միայն այդ կերպ է հնարավոր լինելու հասնել երկարաժամկետ խաղաղության. կատարյալ հիմարություն… Անգամ վերջին ապուշին է պարզ, որ իրադարձությունների նմանօրինակ պարտվողական սցենարի զարգացման դեպքում մենք հարվածի տակ ենք դնելու ոչ միայն Արցախի գոյությունն, այլև’ Զանգեզուրի, ինչն էլ, իր հերթին, նշանակելու է Հայաստանի’ որպես պետական միավորի կործանում. Սամվել Բաբայանի’ Արցախում ունեցած ելույթի գաղափարական հիմնական մեխը հենց այս միտքն էր:

Ընդհանրապես, անդրառնալով Բաբայանի’ Արցախում ժողովրդի առջև ունեցած ելույթին’ պետք է ասենք, որ այն բավական ուսանելի էր ոչ միայն հասարակ մարդկանց, այլև աստիճանավորների համար, իսկ կատարած շեշտադրումները’ համապատասխան ժամանակի պահանջին: Հիմնական միտքը, որ անընդհատ հնչում էր ռազմական մեծանուն գործչի ելույթում, այն էր, որ հայրենիք վերադարձի նպատակը ոչ թե քաղաքական խարդավանքների մեջ ներքաշվելն է, այլ’ հայրենիքի պաշտպանությունն ու Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդումը, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու հարցը, թե արցախահայությունը մնալո՞ւ է, արդյոք, սեփական հողին կառչած, թե՞ ստիպված փախստական է դառնալու:

Ակնհայտ է, որ Բաբայանը ակնարկում էր այն մասին, որ զիջումների գնալը հավասար է լինելու ինքնադատապարտման. ինքը, որպես հերոսական ճանապարհ անցած մարդ, անելու է իրենից կախված ամեն բան’ թույլ չտալու ազգադավ ուժերին’ կատարելու քայլեր, որոնց դառը պտուղները քաղելու են ոչ թե ժողովրդի փողերը թալանած չինովնիկների ու այլ ձրիակերների «ոսկե» զավակները, այլ հասարակ մարդիկ, որոնց միակ ունեցածը իրենց հայրենքն է, իրենց մի բուռ հողը:

Կասկած չկա’ հայ ժողովուրդը հզոր է, անպարտ է նախևառաջ սեփական ծոցից դուրս եկած արժանի զավակներով. նրանք են մեր պաշտպանության հիմնական ստրատեգներն ու գաղափարական հայրերը, որոնք, ճիշտ ուղղությամբ ուղղորդելով, հիմնական հարվածային ուժը, կերաշխավորեն այնպիսի արդյունքներ ու ձեռքբերումներ, որոնք հիմք են հանդիսանալու մեր վերածնման ու ազգային զարթոնքի. Սամվել Բաբայանը, անկասկած, նրանցից մեկն է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *