ԱԱԾ-ն 1000-ից ավելի տեխզննման կեղծ կտրոն է հայտնաբերել. գտել են նաեւ տպարանը. 8 մարդ կալանավորվել է

0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման հանցավոր գործողությունների շարք:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով ինը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը եւ պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաեւ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու եւ դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաեւ անհատներից գնելու արատավոր պրակտիկայից եւ հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *