ՀՔԱՎԳ-ի՝ մատից ծծած ենթադրությունները որևէ կապ չունեն իմ հորդորի հետ. Աշոտ Ահարոնյան

0

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի դիրքորոշումը կեղծ ահազանգերի վերաբերյալ: Խոսքը երեկվա իմ գրառման մասին է, որտեղ մտահոգություն էի հայտնել ՏԻՄ ընտրությունների նախօրեին հաճախացած կեղծ ահազանգերի կապակցությամբ և քաղաքացիներին խորհուրդ տվել ձեռնպահ մնալ նման գործելակերպից՝ հիշեցնելով, որ կեղծ կանչերն ու սուտ մատնությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ:

Ի տարբերություն ՀՔԱՎԳ-ի՝ ոչ որակումներ եմ տվել, ոչ դատապարտել, ոչ էլ, առավել ևս խեղաթյուրել եմ իրողությունները, ընդամենը «խորհուրդ եմ տվել» քաղաքացիներին «հիշել», որ չիմացությամբ գործված արարքներն էլ կարող են իրավական հետևանքներ ունենալ:

Եթե ՀՔԱՎԳ-ն «խորհուրդ տալն» ու «հիշեցումը» չի տարբերում «սպառնալիք հնչեցնելուց», ուրեմն գրագիտության բացը լրացնելու խնդիր կա: Եթե ՀՔԱՎԳ-ն չգիտի, որ ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում ակնհայտ կեղծ ահազանգի համար, կարող ենք ցավել նման անգիտության համար, իսկ եթե գիտի ու այս կարգի «դատապարտումներով» թյուրիմացության մեջ է գցում քաղաքացիներին, ապա գործ ունենք միանգամայն այլ իրողության հետ:

Ոստիկանությունը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ ստուգվում են քաղաքացիներից, կազմակերպություններից, ԶԼՄ-ներից ստացված բոլոր ահազանգերը: Եվ դա իրականություն է: Ավելին, երեկվա հաղորդագրության մեջ նշել էի, որ ոստիկանության ձեռնարկած միջոցներով այս օրերին ստացված բոլոր ահազանգերը ստուգվել են: ՀՔԱՎԳ-ն անտեսելով այս փաստը՝ խոսում է «ահազանգերի մի մասին որակում տալու» վերաբերյալ, ինչը «սպառնալիք հնչեցնելուն» համարժեք նենգափոխում է:

Կրկնում եմ, ՀՔԱՎԳ-ի՝ մատից ծծած ենթադրություններն ու կոչերը որևէ կապ չունեն երեկվա իմ հորդորի ու հիշեցման հետ և միայն իրենց հայտնի նպատակներ են հետապնդում: Իսկ իմ նպատակը եղել և մնում է քաղաքացիներին իրավական դաշտում հայտնվելուց զերծ պահելը, ինչ կարող է կատարվել նաև օրենքի չիմացության պատճառով»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *