Հայաստանի անփառունակ ապագան…

xw_1022265

Ընդամենը մի քանի օրից Հայաստանի խորհրդարան է ներկայացվելու Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրն իր մտահղացման օրվանից վերածվել է բուռն վիճաբանությունների ու միմյանց տրամագծորեն հակառակ կարծիքների բախման կիզակետի, ուր վիճաբանող կողմերից ամեն մեկը փորձում է սեփական հակափաստարկը բերել մյուսի դեմ ու ապացուցել, որ ճիշտ է հենց այն տեսակետը, որի համակիրն է ինքը: Իրավիճակը հնարավորինս օբյեկտիվորեն վերլուծելիս, սակայն, հանգում ես այն մտքին, որ, որքան էլ կարող է պարադոքսալ հնչել, սակայն այն մտավախությունները, թե սույն համաձայնագրով Ռուսաստանը փորձում է կատարելապես զրկել Հայաստանին ունեցած սուվերենության այն նվազագույն մակարդակից, որ հիմա մեր երկիրն ունի, ամենևին էլ զուրկ չեն հիմքերից. նմանատիպ պնդումները պետք է ընկալել ոչ թե որպես հակառուսական հիստերիայի հերթական բռնկում, այլ միանգամայն հիմնավոր մտավախություն:

Բանը նրանում է, որ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի ողջ օդային տարածքի վերահսկողությունը հանձնել Մոսկվային. վտանգի պարագայում հենց ՌԴ-ը պետք է ապահովի մեր հակաօդային պաշտպանությունն ու ընդունի որոշումներ՝ հայկական զինուժի փոխարեն: Ավելին՝ սույն համաձայնագիրը, որքան էլ կարող է անհեթեթ հնչել, ոչ միայն չի ապահովելու ԼՂ անվտանգությունն, այլև կաշկանդող դեր է ունենալու Հայաստանի համար՝ հարկ եղած դեպքում սեփական ուժերը կենտրոնացնելու ի պաշտպանություն Արցախի: Արդյունքում՝ Հայաստանի անվտանգությունը, որի հիմքը Արցախի անվտանգությունն է, ամրապնդվելու փոխարեն՝ թուլանալու է:

Հարցն այս, սակայն, շատ ավելի խորքային բնույթ ունի, քան կարելի է ենթադրել առաջին հայացքից.դրա բացասական ազդեցությունը շուտով նկատելի է դառնալու ոչ միայն ռազմական, այլև քաղաքական առումով, իսկ ավելի կոնկրետ՝ մեր երկրի միջազգային վարկանիշի: Նորություն բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհում հաշվի են նստում այն երկրի հետ, որը կարողանում է ապացուցել՝ ոչ թե միջազգային իրավունքի օբյեկտ է, այլ՝ սուբյեկտ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ: Եվ ահա Ռուսաստանին հանձնելով մեր ՀՕՊ ողջ համակարգը՝ մեր երկիրը կանգնեցնելու ենք սեփական ինքնիշխանությունը կորցնելու եզրին, ինչի հետևանքով էլ անխուսափելի է դառնալու վտանգը, որ մեզ հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստելու, ՀՀ-ի հետ գործ բռնելիս էլ օտար պետությունները նախ՝ իրենց քայլերը համաձայնեցնելու են ՌԴ-ի հետ ու նոր միայն կարծիք են հարցնելու Երևանից. Իրանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն առաջինն են տուժելու այս ամենից, քանի որ վաղուց գաղտնիք չէ, որ նույն ՌԴ-ը խանդով է վերաբերվում Իրան-Հայաստան տնտեսական կապերի հնարավոր զարգացմանն ու անում իրենից կախված ամեն բան՝ կախվածության մեջ պահելու Հայաստանն իրենից՝ 100%-ով: Դե իսկ Արևմուտքի հետ Հայաստանի ապագա հարաբերությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ ենք համարում, քանի որ առանց այն էլ խարխլված այդ հարաբերություններն ապագայում պարզապես խեղդվելու են, վերածվելու ձևական մի բանի:

Հասկանալու համար ընթացող գործընթացների էությունը, դրանք պետք է դիտարկել ընդհանուրի մեջ, աշխարհում ընթացող պրոցեսների համատեքստում. Հայաստանին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մեջ ներառելը Մոսկվայի համար նպատակ ունի՝ երաշխավորել ՌԴ անվտանգությունը՝ հարավից՝ հարկ եղեծ դեպքում արդյունավետորեն պաշտպանվելու ՆԱՏՕ-ից եկող սպառնալիքներից.այս ամենը պետք է դիտարկել ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի անվանգության դիտակետից:

Իրավիճակի սարկազմը, սակայն կայանում է նրանում, որ անգամ նման պարագայում Հայաստանը համաձայն է վերջնականապես վերածվելու ՌԴ «ֆորտպոստի»՝ պայմանով, սակայն, որ գոնե դրա դիմաց Մոսկվան 100%-անոց երաշխիքներ տա մեր երկրի անվտանգության առումով, անվտանգություն, որ պորտալարով կապված է արցախյան հիմնախնդրի հետ. Մոսկվան վարանում է անել դա՝ չփչացնելու համար սեփական հարաբերություններն Ալիևի հետ: Համաձայնե՛ք՝ արդար չէ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

LURER.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *