Հովիկ Աբրահամյանը դեռ երկար կմնա «պահեստայինների նստարանին»

%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%afԳրեթե ամեն օր մամուլը գրում է Հովիկ Աբրահամյանի մասին՝ կանխատեսլով նրա քաղաքական ապագան։

Ասում են՝ ինքն՝ Արգամիչը, հաշտվել է այն մտքի հետ, որ այլեւս Սերժ Սարգսյանի «ժառանգորդ» լինել չի կարող եւ փորձում է պատվաբեր ինչ- որ կարգավիճակով վերադառնալ իշխանություն։

Ստեղծված իրավիճակում՝ նույնիսկ խորհրդարանի նախագահի պաշտոնը «գտնված երազ» կլինի Հովիկ Աբրահամյանի համար։ Նա կրկին «պոլիտբյուրոյում» կլինի՝ հույսը դնելով ապարատային ինտրիգների իր հարուստ զինանոցի վրա։ Մի անգամ Արգամիչն այս ճանապարհն արդեն անցել է, երբ 2011թ-ին ինքնակամ-պարտադրված հեռացավ Աժ նախագահի պաշտոնից՝ կես տարի հետո դարձյալ խորհրդարանի իր կաբինետում բազմելով։

Հիմա նման հեռանկարը գրեթե բացառվում է, եթե նույնիսկ նախկին վարչապետը չափազանց մեծ ջանքեր գործադրի։ Սերժ Սարգսյանը բոլորից լավ է ճանաչում Արգամիչին եւ առավել եւս հիշում է ներիշխանական դավադրություն կազմակերպելու նրա «տաղանդի» մասին։

Բանն այն է, որ հենց 2011թ-ին, նման «դավադրություն» Աբրահամյանին արդեն «ներվել» է՝ նրան տալով քաղաքական ռեաբիլիտացիայի հնարավորություն։ Քաղաքական այդ «համաներումը» շատ թանկ նստեց Սերժ Սարգսյանի վրա։ Նա ստիպված էր 2014թ-ին զոհաբերել կառավարությունը՝ իր իշխանությունը պահպանելու նպատակով։

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հեռացվեց ոչ այն պատճառով, որ տնտեսությունը գահավիժում էր կամ մարդիկ աղքատանում էին։

Ի վերջո, նրան փոխարինած առաջին անկեղծ խոստովանությունն այն էր, որ ինքը չունի «կախարդական փայտիկ»։ Արգամիչն իշխանությունից հեռացվեց, որովհետեւ հավակնոտ էր եւ ոչ միայն չէր ապահովում իշխանության վերարտադրության Սերժ Սարգսյանի ծրագրի թիկունքը, այլ Սերժ Սարգսյանի թիկունքում՝ իշխանության կոնֆիգուրացիայի սեփական պլանն էր կազմում։

Կարեն Կարապետյանը կարող է ունենալ հավակնություններ, սակայն դրանք կառավարելն ու չեզոքացնելն՝ անհամեմատ հեշտ է, մանավանդ՝ շատերն են քնում եւ արթնանում նոր վարչապետի արած «ծյունինգը» սրբագրելու ցանկությամբ։ Եթե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վստահի ԱԺ նախագահի պաշտոնը, ապա նրան պետք է վերապահի խորհրդարանական մեծամասնության մենեջերությունը։

Դա նույնն է, որ գործող նախագահը հրաժարվի իշխանության վերարտադրության մտադրությունից։ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին պաշտոն չի տա՝ սեփական իշխանությունը զոհաբերելու գնով։ Արգամիչը ստիպված է մնալ թիմում, բայց «խաղին» հետեւել «պահեստայինների նստարանից»։ Այդ դեպքում գուցե թույլ տան, որ «փոխարիման» դուրս գա նրա որդին՝ պատգամավորի կարգավիճակով։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *