«Պլյուսներով-մինուսներով» ցուցակ՝ Արգել գյուղում (տեսանյութ)

0

Քիչ առաջ Կոտայքի մարզի Արգել գյուղի 26/01 ընտրատեղամասում լարված իրավիճակ ստեղծվեց:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հանձնաժողովի նախագահ Յուրի Ավագյանը վստահված անձանցից մեկի՝ Լենդրուշ Արզումանյանի մոտ հայտնաբերել է ընտրողների ցուցակ:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ձեռագիր գրված ցուցակն ընդհանուր չէ, այլ «պլյուսներով-մինուսներով» ցուցակ է, նրանք այդ կերպ ուզում են հասկանալ, թե իրենց ընտրողներից ով է եկել և ով չի եկել ընտրության։

Նշենք, որ վստահված անձն իր մոտ եղած թղթի վրա քաղաքացիների անուն–ազգանուններ էր գրում: Մեր հարցին, թե հատկապես ում անուններն է գրում, վերջինս պատասխանել էր, թե այդ ցուցակը հետագայում համեմատելու համար է կազմում:

Ոստիկանության մայորին հանձնաժողովի նախագահն ասաց, որ վստահված անձին կասկածում է գումար բաժանելու մեջ և նրա մոտ եղած ցուցակը նախատեսված է համեմատելու համար, թե նախապես խոստացածներից ով է եկել ընտրության:

Այնուհետև, Յուրի Ավագյանը մեզ պատմեց, որ վստահված անձը ոստիկանության աշխատակցին խոստովանել է՝ ցուցակում այն մարդկանց անուններն են, ովքեր իրենց խոստացել են ընտրել իրենց, թե ինչի հաշվին՝ պարզ չէ:

Նշենք, որ մեր լրագրողին թույլ չի տրվել նկարահանում կատարել ոստիկանության հենակետում, որտեղ հանձնաժողովի անդամը ցուցմունք էր տալիս:

Ոստիկանությունն առգրավվել է Լենդրուշ Արզումանյանի ցուցակը:

16.30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 583 ընտրող, որից 31 քաղաքացի ունեցել է քվեախցիկում օգնության կարիք:

Լուսանկարում՝ Լենդրուշ Արզումանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *