Ադրբեջանամետ եւ թուրքամետ գրողները վարկաբեկում են Հայաստանն ու Սփյուռքը

default-16Ադրբեջանամետ եւ թուրքամետ գրողները վարկաբեկում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Թուրքական եւ ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիեւայի՝ «Երեւանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիեւան «Թրենդ» գործակալության ռուսական ծառայության ղեկավարն է:

Ադրբեջանական հոդվածը լի է անիմաստ ու կեղծ պնդումներով: Հեղինակը, որը սահմանափակ գիտելիքներ ունի ամերիկյան քաղաքականության մասին, Փենս-Սարգսյան հեռախոսազրույցն անվանում է «աղետ»: Նա սխալմամբ պնդում է, որ Փենսը պարզապես պատասխանել է Սարգսյանի զանգին: Մինչդեռ, նորընտիր փոխնախագահ Փենսն ինքն է զանգահարել Սարգսյանին:

Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…

Ադրբեջանցի լրագրողը շարունակում է ավելի մեծ վիրպումներ թույլ տալ՝ պնդելով, որ Հիլարի Քլինթոնի պարտությունը «մեծ հիասթափություն էր Երեւանի համար: Հայտնի է, որ Քլինթոնը բավականին սերտ կապեր էր պահպանում Միացյալ Նահանգներում խոշոր հայկական Սփյուռքի հետ»: Էլմիրան շատ բան չգիտի ոչ Հայաստանի, ոչ էլ Սփյուռքի մասին: Հակառակ նրա կեղծ պնդումների՝ հայերի մեծ մասը չի աջակցել Քլինթոնին…

Թարիվերդիեւան նաեւ պնդում է, որ Երեւանը հիասթափված է, որովհետեւ Թրամփն ավելի շատ ծանոթ է Ադրբեջանին՝ նկատի ունենալով այդ երկրում նրա ներդրումները: Իմ կարծիքով, շատ վաղ է նման հավակնոտ եւ ինքնանպատակ ենթադրություններ անել: Ընդհակառակը, Թրամփը բազմաթիվ պատճառներ ունի ավելի կոշտ լինելու Ադրբեջանի հետ՝ բռնապետական ​​ռեժիմի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների եւ Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների շարքերում բազմաթիվ ադրբեջանցիների մասնակցության պատճառով: Զավեշտալի է պնդել, որ Թրամփն ավելի բարեհաճ կլինի Ադրբեջանի նկատմամբ 323 150 դոլար արտոնավճարի պատճառով, որը նա ստանում է իր սեփականությունը չհանդիսացող Բաքվի «Թրամփ թաուերից»…

Մեկ այլ, ավելի լկտի հոդված էր գրել Ալեքսանդր Մուրինսոնը, որը ոչ ադրբեջանցի է, ոչ էլ թուրք, սակայն որոշակի կասկածելի պատճառներով, տարիների ընթացքում գրել է մի շարք հակահայկական ճամարտակություններ տարբեր հրապարակումներում: Մուրինսոնն իր «Լինկեդին» էջում այսպես է ներկայացնում ինքնիրեն. «Այժմ փնտրում եմ նոր [աշխատանք] հնարավորություններ…. Ադրբեջանա-թուրք-իսրայելյան համագործակցության փորձագետ…. Համարվում եմ Ադրբեջանի հրեաների առաջատար փորձագետ»: Մուրինսոնը աշխատում է Վաշինգտոնի անհայտ «BAU (Bahcheshehir) միջազգային համալսարանի» ֆակուլտետում, որը վերջերս հիմնադրվել է թուրք միլիարդատեր Էնվեր Յուչելի կողմից:

Նոր աշխատանք գտնելու եւ իր «Հայկական լոբբիի թույլ կապերը նորընտիր նախագահ Թրամփի հետ» վերնագրով հոդվածը հրապարակելու համար, Մուրինսոնը փորձում է հաճոյանալ աջակողմյան The American Spectator կայքին կեղծ պնդումներով, որ հայերը դեմ են Թրամփին, հետեւաբար հակապահպանողական են:

Ես ծրագրել էի հերքել Մուրինսոնի հայտարարությունները կետ առ կետ, սակայն որոշեցի թողնել, որ ինքն իր բառերեով բացահայտի իր կեղծ դատողությունները: Ահա նրա անիմաստ մտքի «գոհարներից» մի քանիսը.

– Ամերիկյան «հայկական լոբբիի օրակարգը մեծապես հակասում է ԱՄՆ ազգային շահերին եւ, որքան էլ տարօրինակ է՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն շահերին…. »:

–  «Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային եւ անփոխարինելոի դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում…. »:

– «ԱՄՆ հայկական լոբբիի խոր մտահոգության եւ հիասթափության հիմքում կարող է լինել Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը: Տարածաշրջանի դիտորդների համար գաղտնիք չէ ամերիկահայ ակտիվիստների կողմից Թրամփի դեմ ուղղված կեղտոտ քարոզարշավը: Առցանց քարոզարշավում հպարտությամբ հայտարարվում էր, որ հայ աստղեր Շերը եւ Քիմ Քարդաշյանը անում են «հնարավոր ամեն ինչ» ընդդեմ Թրամփի, իսկ հայամետ հռչակավոր Ամալ Քլունին, որի հաճախորդների տարօրինակ ցուցակում ընդգրկված են եղել Հայաստանի կառավարությունը եւ Ջուլիան Ասանժը, ղեկավարել է Թրամփի դեմ ուղղված նախաձեռնությունները իր ամուսնու՝ Ջորջի հետ միասին»:

– «Թվում է, որ հայերի մտահոգության պատճառն այն է, որ Դոնալդ Թրամփը պարտական չէ Վաշինգտոնին բնորոշ հատուկ շահեր ունեցող խմբերի ցանցին: Նա կարող է տարածաշրջանում իրականացնել ավելի խորաթափանց մոտեցում՝ ելնելով ոչ թե որոշակի լոբբիի, այլ Ամերիկայի ազգային շահերից: Նա նույնիսկ կարող է սթափ հայացք նետել ԱՄՆ-ում հայկական քաղաքական ուռճացված ազդեցության վրա եւ նկատել նրա ավելի ու ավելի ակնհայտ անպատեհությունը»:

– «Հաջորդ պետքարտուղարը պետք է տարբերվի Մասաչուսեթսի երբեմնի հայամետ սենատոր Ջոն Քերիից, որն աջակցում էր իր հայ բարեկամներին …»:

Հաշվի առնելով նման անվերջ հարձակումները, ամերիկահայ քաղաքական կազմակերպությունները պետք է վճռականորեն հակազդեն նենգ ու զրպարտչական բոլոր հոդվածներին՝ գրված Էլմիրա Թարիվերդիեւայի եւ Ալեքսանդր Մուրինսոնի նմանների կողմից: Ժամանակն է ստեղծել Հայկական հակազրպարտչական հանձնաժողով»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *