ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

default-28Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

ԼՂՀ ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջեւ համագործակցության ծրագրերը եւ նախանշվել են գալիք տարվա անելիքները՝ մի քանի կոնկրետ ուղղություններով:

Աշոտ Ղուլյանն այնուհետեւ այցելել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն եւ հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանին: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել դեսպանության եւ Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության փոխգործակցության ներկա մակարդակը: Անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համատեքստում:

Երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ եւ նրանց հանձնել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված պարգեւները:

Ֆրանսիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, Արցախի ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդի եւ միջազգային ճանաչմանը նպաստելու համար արժանացել են «Երախտագիտություն» մեդալների:

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Սփյուռքի եւ, մասնավորապես, ֆրանսահայության դերը՝ Արցախի զարգացմանը սատարելու եւ համազգային ծրագրերի միջոցով Հայրենիքի այդ հատվածը շենացնելու  գործում:

«Շնորհված պետական պարգեւները Արցախի ժողովրդի եւ իշխանությունների գնահատականն է այն մեծ նվիրումի, որը, տարիներ շարունակ, դուք ցուցաբերել եք ազատության ու անկախության արդար պահանջների համար պայքարող արցախահայության հանդեպ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Փարիզում տեղի ունեցած բոլոր հանդիպումներին եւ քննարկումներին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *