Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովը

frankofoniaԱնտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում:

Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը.

«Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթաժողովի մեծարգո նախագահ,

Մադագասկարի մեծարգո Նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք եւ պարոնայք պետությունների, կառավարությունների եւ պատվիրակությունների ղեկավարներ,

Տիկին գլխավոր քարտուղար,

Տիկնայք եւ պարոնայք,

Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։

Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսեւորված վստահության եւ համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարեւոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում:

Այս որոշումը նաեւ կարեւոր ուղերձ է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժեւորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում:

Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարեւոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաեւ Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձանռություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»:

Գագաթաժողովի արդյունքներով տեղի ունեցավ Մադագասկարի Նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի եւ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *