Իր աղմկահարույց հարցազրույցից հետո Լևոն Ալթունյանը զգուշավոր է լրագրողների հետ

levon-altunyanԱռողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր սկանդալային հայտարարությունից հետո կարծես զգուշավոր է դարձել եւ որոշել է լրագրողների հետ հնարավորինս քիչ շփվել։

Լրագրողները նոյեմբերի 11-ին հրավիրված մի միջոցառման ժամանակ մի քանի անգամ փորձել են զրուցել Լեւոն Ալթունյանի հետ։ Վերջինս ամեն անգամ կարճ արձագանքել է, թե ինքը հարցերի չի պատասխանելու։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարը բավականին սկանդալային հայտարարություն արեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։  Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:

Մեկ օր անց Արցախ կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի մտերիմ ընկերն է Ալթունյանը, նույնպես ստիպված էր անդրադառնալ այս հայտարարությանը:

«Ես չեմ լսել իր խոսքը: Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լեւոնին ճանաչում եմ լավ, նրան համարում եմ բարոյական մարդ, համարում եմ նրան պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն եւ ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- ասել էր վարչապետը՝ փորձելով «փրկել» ընկերոջը հանրության զայրույթից եւ քննադատություններից:

Թեեւ Լեւոն Ալթունյանն ու իր մամուլի խոսնակը մի քանի անգամ պարզաբանում տվեցին, որ նախարարը լրիվ այլ բան նկատի ուներ, քննադատությունների ալիքը չէր մարում. ըստ հասարակական լայն շրջանակի եւ մահացածների հարազատների՝ Ալթունյանն այդքանից հետո պետք է միանգամից հրաժարական տար:

Նոյեմբերի 6-ին ուշ երեկոյան Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնեց, որ նոյեմբերի 8-ին նախարարը պատրաստվում է ընդունել մահացած ծննդկանների հարազատներին:

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լեւոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,- գրել էր Անահիտ Հայթայանը:

Նոյեմբերի 8-ին նախարարն ընդունել էր մահացած ծննդկաններից Մերի Մարգարյանի, Տաթեւ Գասպարյանի եւ Նաիրա Աբգարյանի հարազատներին

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *