Ահազանգում է նախկին պայմանագրային զինծառայողը (լուսանկարներ)

0

Քաղաքացի Մարատ Շամիրյանը 2000-2002 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում`սահմանամերձ գոտում, չնայած այն փաստին, որ երկկողմանի ծնողազուրկ է: Վերջինս մեծացել է Գավառի մանկատանը:

Հաստատության փոխտնօրենի բնութագրմամբ՝ եղել է նորմալ երեխա, առանց որևէ խնդրի: «Ոչ մի հոգեկան խնդիր չի ունեցել, եղել է նորմալ երեխա, որևէ դժվարություն տնօրինության համար չի ստեղծել: Եթե նա խնդիրներ ունենար, մենք կնկատեինք: Նորմալ երեխա է եղել»,- այսպես ներկայացրեց փոխտնօրենը:

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է մանկատուն: 6 ամիս այնտեղ մնալուց հետո տեղափոխվել է Էջմիածին, որտեղ իրեն 10 տարով անհատույց օգտագործման բնակարան են տրամադրել: Մարատն ամուսնացել է, ունի մեկ դուստր: Սոցիալական վատ պայմանների պատճառով, որոշում է կայացրել որպես պայմանագրային ծառայող ծառայության անցնել ՀՀ ԶՈՒ-ում:

2010 թվականի հունիս ամսին դիմում է ներկայացրել և սեպտեմբերին անցել ծառայության Էջմիածնի ինժեներական զորմասում:

2011-2012 թվականներին զորամասի այլ ծառայողների հետ գործուղվել է Սյունիքի մարզ՝ ականազերծման աշխատանքներ կատարելու: Հենց այստեղ էլ սկսվում է պատմության հետաքրքիր մասը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Մարատը պատմեց, որ Սյունիքի մարզում, որտեղ իրենց գործուղել են, պայմանները եղել են անմարդկային, վրանները՝ մաշված, սնունդը՝ անորակ, այն աստիճան, որ իրենց ստիպել են ուտել հոտած կարտոֆիլ, փչացած բրինձ, ձավար, հնդկաձավար և այլն:

Պայմանագրային զինծառայողն այս առնչությամբ ավելի ուշ դիմել է իր վերադասին՝ ԶՈՒ ինժեներական զորքերի նախկին պետ Կարեն Աբրահամյանին: Վերջինս, ի դեպ, 2015 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցնում է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, կոչումով գեներալ-մայոր է: Այն ժամանակ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ Կարեն Աբրահամյանը պայմանագրային զինծառայողին նախատել է, ասելով՝ ինչ տալիս են, բավարարվեք:

Կարեն Աբրահամյանը

Նույն պատասխանն է ստանում նաև զորամասի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցից: Դրանից հետո պայմանագրային զինծառայողը բաց նամակով դիմում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին և գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին:
Մարատ Շամիրյանի պնդմամբ՝ այդ բողոքից հետո սկսվում է իր նկատմամբ հաշվեհարդարի գործընթացը, սակայն, նրա խոսքով, ինքը չէր կարող լռել ու չբարձրաձայնել զինծառայողների նկատամբ այդ անմարդկային վերաբերմունքի մասին: Այս բողոքից հետո ծառայողական քննություն է նշանակվում, որը, Մարատի համոզմամբ, իրականացվել է ոչ օբյեկտիվ ու արդար:

Վոլոդյա Զալունց

Քննությունը իրականացրել է ինժեներական զորքերի պետ Կարեն Աբրահամյանը և մարտական գծով նրա տեղակալ Սուրիկ Սարգսյանը: Քննության ընթացքում, Մարատի պատմելով, բոլոր զինծառայողները հրաժարվել են իրենց նախնական ասածներից և ինքը մնացել է մենակ: Արդյունքում՝ ոչ մի խախտում չի հայտնաբերվել:

Այս ամենից հետո՝  երեկոյան ժամը 20:30-ին, զինծառայողին ինչ-որ ստուգումներ անցնելու պատճառաբանությամբ ուղարկել են Կանազի հոսպիտալ, այն դեպքում, երբ աշխատանքային ժամն ավարտվում է ժամը 18:00-ին: Հոսպիտալում զինծառայողին ստիպել են ստացիոնար բուժում անցնել: Դրանից հետո նրան ախտորոշում են տրամադրել, իբր ծառայության ժամանակ ստացել է հոգեկան հիվանդություն և պիտանի չէ ծառայությանը: Մինչդեռ Մարատը պնդում է, որ ինքը անգամ ճնշման խնդիր չի ունեցել, ուր մնաց՝ շիզոֆրենիկ հիվանդություն ունենա:

Շամիրյանն ասում է՝ 4 տարի 9 ամիս ծառայել է հսկիչ անցագրային կետում, իրեն կցագրված է եղել զենք-զինամթերք, և այդ ժամանակ հիվանդության մասին նույնիսկ խոսք չի եղել: Նա վստահաբար ասում է՝ անգամ պատրաստ է կրկնակի բուժզննում անցնել: ՊՆ-ից տրամադրված այդ փաստաթղթերը, բնութագիրը Մարատին թույլ չի տալիս անգամ բանվորի աշխատանք գտնել, որի կարիքն այսօր նա ունի:

Մանկատան նախկին սանը հայտնվել է սոցիալապես վատ պայմաններում՝ չի կարողանում մարել բանկերից վերցրած պարտքերը, աշխատանքից զրկված է: Նախկին պայմանագրային զինծառայողը բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարին, Սերժ Սարգսյանին, սակայն իր նամակները և դիմումները տեղ չեն հասել: Այսօր նա ցանկություն ունի հանդիպել նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն, Պաշտպանության նախարարությունում այդպես էլ նրան չեն հերթագրում: Այս պատմության վերաբերյալ դիմեցինք Պաշտպանության նախարարություն, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Մենք հետամուտ ենք լինելու այս խնդրին և ուշի ուշով սպասելու ենք Պաշտպանության նախարարության պարզաբանմանը:

Մարատն՝ իր դստեր հետ

Քրիստինա Աղալարյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *