Անթիլիասի Մայրավանքում հանդիպել են Ծառուկյանն ու Արամ Ա. Կաթողիկոսը

442a6e5Անթիլիասի Մայրավանքում նոյեմբեր 16-ին տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ու գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրությունից։

Գագիկ Ծառուկյանը հատուկ Լիբանան է ժամանել՝ սիրահայությանն իր օգնությունն առաջարկելու և այդ առումով Արամ Ա.-ի պատկերացումներն իմանալու համար:

Ծառուկյանը հայտնել է, թե պատրաստ է շարունակել իր աջակցությունը Սիրիայի հայ համայնքին և ասել, որ Մայրավանք է այցելել նաև Արամ Ա. Կաթողիկոսի օրհնությունն ստանալու:

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել գործարարին՝ եկեղեցաշինության և բազմաթիվ բարեգործությունների համար և նշել, որ այսօր հայության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է սիրիահայությանն օժանդակելու հարցը:

«Սիրիայի հայ համայնքի պահպանումը ամէ՛ն իմաստով հրամայական է. սակայն նրանք, ովքեր իրենց կամքով հեռանում են Սիրիայից, մեկ ու հստակ հասցե պէտք է ունենան՝  Հայաստան», -ասել է Կաթողիկոսը։

Հանդիպմանը մասնակցել են սփյուռքահայ քաղաքական գործիչներ, հոգևոր առաջնորդներ, համայնքի ներկայացուցիչներ:

Նշենք, որ մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Անթիլիաս և 500 հազար դոլար  նվիրել սիրիահայությանը և Անթիլիասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *