Շաքարավազը թանկանում է

sugar-spoon«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին օրերին խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները ժամ առ ժամ թանկանում են, իսկ առաջին հերթին՝ շաքարավազը: Հրազդանի տարբեր խանութներում հարցումները ցույց տվեցին, որ շաքարավազի գինը 1 շաբաթվա մեջ 390 դրամից հասել է 430 դրամի, որոշ խանութներում՝ 450 դրամի. «Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 400 դրամ, երեկոյան արդեն դարձել է 430 դրամ: Թանկացել է կարագը, «Բարի Սամարացի» երշիկեղենը: Ամառ լավ ակցիա արեցին, հիմա թանկացրել են..»,- ասաց խանութի աշխատակիցը:

Ինչպես հայտնի է, Հայաստանում շաքարավազի ներկրման մենաշնորհը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է: Վերջերս էլ տեղեկություններ կային, թե նրա «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2 մլրդ դրամով պակաս հարկեր է վճարել:

Նշենք, որ ոչ միայն շաքարավազն է թանկացել, այլեւ որոշ պարենային ապրանքներ եւս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Սեպտեմբերի համեմատ` հանրապետությունում արձանագրված պարենային ապրանքների 0.6% գնաճն, ըստ ԱՎԾ-ի, հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի՝ 0.7-6.2% գնաճով:

Իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 0.9%-ով։ Այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 1.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.6%-ով։ Իսկ ծառայությունները թանկացել են 1.3%-ով։ Բանջարեղենը մեկ տարում (2015թ. հոկտեմբերի համեմատ) 3.7%-ով էժանացել է, իսկ մեկ ամսում (2016թ. սեպտեմբերի համեմատ) 6.2%-ով թանկացել: Շաքարավազի հանրապետական միջին գինը, 2015թ. հոկտեմբերի համեմատ, աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով: Ձկնամթերքը մեկ տարում էժանացել է 3.6%-ով, իսկ մեկ ասմում թանկացել 0.7%-ով: Կենդանական և բուսական յուղը 2015թ. հոկտեմբերի համեմատ էժանացել է 2.0%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով թանկացել։ Միրգը մեկ տարում թանկացել է 9.4%-ով, մեկ ասում՝ 0.2%-ով: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *