Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի հետ

bbaad8eb-412d-41a3-8149-5f527fc9a4ab_w987_r1_sՆոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս․ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հավատավոր հայոց հոտի անունից շնորհավորելով Կիրիլ Պատրիարքին ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան փոխանցեց իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները՝ քաջառողջություն և Հովվապետության բեղուն տարիներ մաղթելով Նորին Սրբությանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Կիրիլ Պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ ողջ քրիստոնյա աշխարհի։

Ամենայն Հայոց Հայրապետը մեծապես կարևորեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի Քույր Եկեղեցիներին և աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը՝ մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքի երկրներում տիրող ծանր իրավիճակին։

Նորին Սրբությունը այս իմաստով գոհունակություն հայտնեց նաև, որ Ռուս Եկեղեցու Հովվապետի ուշադրությունից անմասն չէ նաև Այսրկովկասի տարածաշրջանը՝ առանձնակի գնահատելով Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերը տարածշրջանում խաղաղության վերահաստատման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձավ նաև երկու Եկեղեցիների միջև առկա եղբայրական կապերի և գործակցությանը՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Ներկա աշխարհի իրողությունների առջև կարևորվեց ջանքերի համատեղման և գործակցության առավել ամրապնդման անհրաժեշտությունը՝ դիմագրավելու Եկեղեցիների և ժողովուրդների առջև ծառացած տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի հայոց թեմերի և տեղի հայության հանդեպ մշտապես ցուցաբերվող հոգևոր խնամքի և հայրական հոգածության համար իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Կիրիլ Պատրիարքին:

Իր հերթին ողջունելով Նորին Սրբությանը և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Նորին Սրբության համար հատկանշական հոբելյանի այս օրերին իր ներկայության և բերած մասնակցության համար։

Կիրիլ Պատրիարքը գոհունակությամբ նշեց, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ և պտղաբերել։ Նա ընդգծեց, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների և թե´ հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագային շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *