Գագիկ Ծառուկյանի վերադարձով լավագույնս կլցվի քաղաքական դաշտի բացը. Մանուկ Սուքիասյան

 

Առաջիկայում հրավիրվելիք համագումարի ժամանակ «Առաքելություն» կուսակցությունը կհստակեցնի իր հետագա անելիքները՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ ընտրություններին մասնակցեն համագործակցության ձևաչափով:

«Հունվարին կամ փետրվարին տեղի կունենա մեր կուսակցության համագումարը, որի ընթացքում մենք կընդունենք պաշտոնական որոշում, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու: Դատելով Կուսակցությունում տիրող տրամադրություններից՝ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ՝ մասնակցելու ենք ընտրություններին և չենք բացառում համատեղ մասնակցությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այսօր ակտիվ քննարկումներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ, նա կվերադառնա՞ մեծ քաղաքականություն, Սուքիասյանն արձագանքեց՝ քանի դեռ Գագիկ Ծառուկյանն ինքը պաշոտանական հայտարարություն չի արել, այդ մասին խոսելը կոռեկտ չի համարում. «Վաղաժամ եմ համարում դրա հետ կապված որևէ բան ասելը, որովհետև այստեղ ևս չկա հստակություն: Բայց Գագիկ Ծառուկյանի հեռանալով՝ ազատվել է այն տեղը, որը զբաղեցնում էր նա, և որն այդպես էլ հետագայում չլցվեց որևէ մեկի կողմից: Իսկ եթե նա վերադառնա՝ լավագույնս կլցնի այդ տեղը: Մնացած նյուանսներին, դետալներին՝ միայն ինքը կարող է անդրադառնալ»,- ասաց նա:

Պնդմանը՝ եթե ամեն դեպքում նա հայտարարի իր վերադարձի մասին, կհամագործակցե՞ք նրա հետ, մանուկ Սուքիասյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ իրենք համագործակցել են եռյակի շրջանակներում. «Գագիկ Ծառուկյանի հետ էլ պարբերաբար եղել են շփումներ, իսկ հետագա համագործակցության վերաբերյալ ոչինչ չենք բացառում: Ամեն ինչ կախված է նաև Գագիկ Ծառուկյանի որոշումից»:

Ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժերին, ապա Սուքիասյանը վստահեցրեց, որ  բավականին բարյացակամ են տրամադրված, որովհետև ակնհայտ է, որ ժամանակի բոլոր քաղաքական ուժերն արդեն իրենց սպառել են և քաղաքական դաշտում խցանում են առաջացրել: «Բնականաբար, նորերի ի հայտ գալը քաղաքական դաշտը կլցնի և կստիպի այդ ժամանակավրեպներին՝ իրենց տեղը զիջել, բայց, միևնույն ժամանակ՝ դա պետք է լինի ոչ թե զուտ տիտղոսային փոփոխություն, այլ՝ բովանդակային»,- հավելեց նա:

Հարցին՝ սահմանադրական բարեփոխումներից հետո մենք կունենա՞նք բարեփոխված ընտրություններ և նոր խորհրդարան՝ նոր դեմքերով, նա նշեց, որ եթե սպասենք իշխանությունների բարի կամքի դրսևորմանն, ապա՝ ոչ. «Մենք չենք հավատում, որ մի օր քնելու ենք, մյուսը օրը՝ արթնանանք ու տեսնենք, որ նոր խորհրդարան ու նոր իշխանություններ ունենք: Պետք է յուրաքանչյուրս ջանք ներդնենք դրա համար և ամեն հարցում հետևողական լինենք՝ օրենքի տառը և ոգին պահպանելու առումով: Ոչ մի իշխանություն, ոչ մի ազատություն կամ փոփոխություն՝ նվեր չեն տալիս: Ես լիահույս եմ, որ նոր ու թարմ դեմքեր, այնուամենայնիվ, հաջորդ խորհրդարանում կունենանք: Եթե նույնիսկ ոչինչ էլ չանենք, այսօր խորհրդարանում այնպիսի սպառված ու հին դեմքեր կան, որոնց նույնիսկ իշխանությունները չեն ցանկանա տեսնել ու կոճակ սեղմող ապահովել: Թեկուզ հենց միայն այդ իմիտացիան ապահովելու համար ինչ-ինչ նոր մարդկանց՝ հնարավորություն, ամեն դեպքում կտրվի»,- ասաց նա:

 

 Արմինե Եփրեմյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *